enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Անտառների միջազգային օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը քննարկվել և կարևորվել են ոլորտի զարգացման ծրագրերը

21․ 03․ 2018

Այսօր՝ մարտի 21-ին, Անտառների միջազգային օրվա առիթով, ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեն կազմակերպել էր միջոցառում, որի առանցքում կոմիտեի կողմից մշակված անտառային ոլորտի զարգացման եռամյա ծրագրի հիմնական ուղղությունների ներկայացումն էր։ 
Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանն, իր ողջույնի խոսքում ընդգծելով այն, որ ՀՀ նախագահի և կառավարության կողմից անտառների պահպանությունը, քայքայված ռեսուրսների, անտառածածկ տարածքների վերականգնումը, եղած պաշարների արդյունավետ օգտագործումը համարվել են գերակա խնդիրներ, նշել է, որ վերոնշյալ աշխատանքների կատարման համար արդեն իրականացվել և իրականացվելու են մի շարք օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ։
«Անտառային ոլորտի խնդիրները բազմաբնույթ են, իրականացվելիք ծրագրերը՝ ճշգրտված: Անտառների վերականգնման, պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքները միշտ են կատարվել: Մենք ընտրել ենք այնպիսի ուղի, որդեգրել այնպիսի քաղաքականություն, որով հնարավոր լինի առավելագույնս լուծել ոլորտի առջև ծառացած խնդիրները: Անտառների կայուն կառավարման և պահպանության ոլորտում ներդրվելու են առավել արդյունավետ մեխանիզմներ և գործիքակազմ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի անել այն, ինչ մինչ այժմ անկատար էր կամ թերի կատարված»,-ասել է Մանուկյանը և հավելել,-«Ճիշտ գիտակցելով անտառների նշանակությունը, հաշվի առնելով այն, որ անտառը կենսոլորտի կարևորագույն օղակներից մեկն է, չպետք է ջանք խնայել անտառների կայուն կառավարման և պահպանության համար:  Գնահատում ենք ոլորտով հետաքրքրված միջազգային և հասարակական կազմակերպությունների կատարած աշխատանքը և ակնկալում ավելի լայն համագործակցության շրջանակ: Նախատեսված ծրագրերի իրականացման ուղղությամբ պատրաստակամ ենք քննարկել անտառային ոլորտի բարելավմանն ուղղված ցանկացած առաջարկ, աշխատելու ենք թափանցիկ և տեսանելի բոլորի համար: Ոլորտի առջև դրված անելիքները հստակեցված են, բարեփոխումների մեկնարկը՝ տրված»:

29432235_1917705831811437_7660660895013404672_o

Շնորհավորելով ներկաներին Անտառների պահպանության միջազգային օրվա կապակցությամբ՝ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը երախտիքի և շնորհակալական խոսք է ուղղել բոլոր նրանց, ովքեր սրտացավ վերաբերմունք են ունեցել անտառների պահպանության հարցում՝ սկսած շարքային քաղաքացիներից, վերջացրած միջազգային կազմակերպություններով և ոլորտի պատասխանատուներով։ ՀՀ բնապահպանության նախարարն օրը պատեհ առիթ է համարել նաև ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաև կայուն անտառկառավարման սկզբունքների ներդրման ուղղությամբ արդեն մեկնարկած միջոցառումների մասին խոսելու համար։ «ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստ է պետական այլ կառույցների, միջազգային կազմակերպությունների և հասարակության լայն շերտերի հետ միասին կյանքի կոչել ծրագրեր, որոնք կապահովեն անտառների առավել արդյունավետ պահպանությունը։ «Անտառների պահպանությամբ՝ զարգացում» սկզբունքը լինելու է մեր կողմից որդեգրած ոլորտի քաղաքականության հիմքում, որն ընդգրկելու է ոչ միայն բնության հատուկ պահպանվող տարածքներն, այլև բոլոր անտառները»,- նշել է Ա․ Մինասյանը և դրա համատեքստում կարևորել նաև հսկողության և վերահսկողության գործառույթը, որի ուժեղացման նպատակով նախաձեռնվել են օրենսդրական համալիր փոփոխություններ։

29432538_1917705765144777_5095480459022827520_o

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն էլ իր ելույթում նշել է, որ անտառների պահպանությունը, պաշտպանությունը և վերարտադրությունը մշտապես գտնվում են կառավարության ու բոլորի ուշադրության կենտրոնում: 
«Ոլորտի խնդիրների լուծման ուղղությամբ նախարարությունն ակտիվորեն համագործակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Բնության համաշխարհային հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ: Նրանց անմիջապես մասնակցությամբ պայմանավորված են եղել նաև մեր հաջողությունները: Պետք է նշել, որ նախարարությունը միշտ կարևորել է թափանցիկ աշխատանքը և սերտորեն համագործակցել է նաև ոլորտում գործունեություն ծավալող ՀԿ-ների հետ և նրանց կողմից ստացել մշտական աջակցություն»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ շուրջ մեկ տարի առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որը հաստատվել է 2017-ի նոյեմբերին, իսկ արդեն դեկտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում ստեղծվել է Անտառային պետական կոմիտեն: 

29472534_1917705885144765_2665584565074001920_o
Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում ծրագրի խորհրդատու Սիրանուշ Գալստյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ կարևորելով անտառային ոլորտում կատարվելիք փոփոխությունները։

29468520_1917706095144744_2345305572456267776_o 29472269_1917706195144734_3176798497793900544_o
Ներկաները հնարավորություն են ունեցել նաև անտառային ոլորտում առկա խնդիրների վերհանման, Անտառային պետական կոմիտեի կողմից այդ խնդիրների լուծման և առաջիկա անելիքների մասին պատմող ֆիլմ դիտել։ Ֆիլմում մատնանշված փոփոխությունների առավել առարկայական և ամբողջական նկարագրին միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել հետևել անտառային պետական կոմիտեի կողմից մշակված անտառային ոլորտի զարգացման եռամյա ծրագրի ներկայացման ընթացքում։
Միջոցառման ավարտին Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանի կողմից արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պատվոգրերի են արժանացել համակարգի մի շարք աշխատակիցներ։

 29243537_1696451970431772_2001176216_o