enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Խնամքի և սանիտարական հատումների նպատակով ծառերի նախնական հաշվառման աշխատանքներ են կատարվել

20․ 11․ 2017 

Ի պատասխան սոցիալական ցանցերում շրջանառվող՝ համարակալված ծառերի վերաբերյալ բարձրաձայնումներին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ նշյալ ծառերը գտնվում են  «Հայանտառ»-ի  «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Թումանյանի անտառպետության 25-րդ քառակուսու 64, 66, 59 անտառամասերում, որտեղ, անտառտնտեսության կողմից 2018 թվականի խնամքի և սանիտարական հատումների նպատակով, տարածքի նախնական ընտրության և հատման համար ծառերի հաշվառման աշխատանքներ են կատարվել:

Նշյալ  անտառային տարածքը հասունացող՝ 60-70 տարեկան կաղնուտ է՝ հասուն և գերհասուն բոխու ուղեկցությամբ: Որպես արժեքավոր ծառատեսակ, կաղնու աճը և բնական վերաճը խթանելու նպատակով հատման են նշանակվել բոխու հասուն և գերհասուն ծառեր, որոնք արդեն իսկ պատված են փչակներով, փայտակեր վնասատուներով և հիվանդություններով (ըստ ներկայացված լուսանկարների, ինչպես նաև՝ անտառտնտեսության կողմից ներկայացված տեղեկության), ինչը, սակայն, դեռ հիմք չէ նշված տարածքում հատումներ իրականացնելու համար:

Համաձայն ՀՀ անտառային օրենսգրքի՝ բնափայտի մթերումն իրականացվում է և տարեկան հատատեղերը որոշվում են անտառշինական նախագծերի (անտառկառավարման պլանների) հիման վրա, իսկ դրանց բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում՝ բնափայտի մթերումն իրականացվում է պետական կառավարման լիազոր մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովների փաստացի ուսումնասիրությունների և եզրակացությունների հիման վրա։ Սանիտարական հատումների անհրաժեշտությունը և ծավալները հիմնավորվում են անտառպաթոլոգիական ուսումնասիրությունների կամ մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալների հիման վրա: Նշված տարածքում հատատեղի նախնական հատկացման և հատման համար ընտրված ծառերի մասով դեռ պետք է կատարվեն փաստացի ուսումնասիրություններ՝ մասնագիտական հանձնաժողովի կողմից, որի եզրակացության հիման վրա միայն կորոշվի հատատեղի հատկացման հարցը:

«Անտառտնտեսություն» մասնաճյուղերը մինչև 2017 թվականի վերջ ավարտելու են իրենց կողմից ընտրված հատատեղերի հատկացման աշխատանքները և արդյունքները ներկայացնելու են «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, որն էլ, համապատասխան ուսումնասիրություններից հետո, դրանք ներկայացնելու է պետական կառավարման լիազորված մարմին՝ սահմանված կարգով ուսումնասիրելու և 2018 թվականի տարեկան հատատեղային ֆոնդի ծավալները, ըստ հատման տեսակների, որոշելու համար:

 Որոշ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ուսումնասիրություններ և նման ընթացակարգ արդեն կիրառվել է կամ ընթացքի մեջ է, իսկ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ դեռ ոչ:

 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն