enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հանձնարարականներ՝ անտառային ոլորտի համալիր բարեփոխումների վերաբերյալ

27. 07. 2017

Այսօր, հուլիսի 27-ին, կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն անտառային ոլորտի համալիր բարեփոխումների վերաբերյալ հանձնարարականներ է տվել։

Կարապետյանի խոսքով՝ անտառային ոլորտի բարեփոխումների մշակված հայեցակարգը բավարար լուծումներ չի նախատեսում անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, ինչպես նաև՝ առկա պատասխանատու կառույցների կառավարման և գործունեության խնդիրների արդյունավետ լուծման համար: «Փաստաթղթերում բացակայում են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին ուղղված առաջարկություններ»,- ասել է Կարապետյանը:
Վարչապետը ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարել է մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի լրամշակված նախագիծը՝ ամրագրելով վերոնշյալ խնդիրներին ուղղված հստակ, գործնական և օրենսդրական լուծումներ։

«Մենք ունենք անտառտնտեսությամբ զբաղվող մի քանի կառույցներ, որտեղ գործառույթները հստակ տարանջատված չեն։ Այս հանձնարարականի տրամաբանությունը հետևյալն է՝ մենք ուզում ենք, որ կառավարի մեկ կառույց և վերահսկի մեկ այլ կառույց, որպեսզի առաջանա համապատասխան աշխատանքային շահերի բախում, որտեղ կստեղծվեն արդյունավետությանը նպաստող պայմաններ»,- ասել է վարչապետը։