enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՊԳԿ-ի ներկայացուցիչները հատկապես հետաքրքրված են Լոռու և Սյունիքի մարզերի անտառային տարածքներով․ աշխատանքային հանդիպում՝ «Հայանտառ»-ում

05․ 10․ 2017

«Հայաստանի արտադրական լանդշաֆտների կլիմայի փոփոխության նկատմամբ տոկունության հզորացում»  ծրագրի շրջանակներում կազմակերպվող շարունակական բնույթ կրող աշխատաժողովներից հերթականը կկայանա սույն թվականի հոկտեմբերի 6-ին։ Նշենք, որ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ/FAO) աջակցում է ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանություն նախարարություններին՝ ծրագրային առաջարկ մշակելու և Կանաչ կլիմայի հիմնադրամին ներկայացնելու համար։

2

Անցնող շաբաթվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի գլխավորությամբ  ՊՈԱԿ-ում տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ՝ ՊԳԿ-ի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում ընդգծվել է, որ գլոբալ կլիմայական փոփոխություններն իրենց անմիջական ազդեցությունն են թողնում գյուղատնտեսական արտադրության, մասնավորապես՝ հողերի և անտառների կառավարման վրա, և այդ փոփոխությունների բացասական հետևանքները մեղմացնելու համար անհրաժեշտ է հզորացնել կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղական համայնքերի տոկունությունը՝ կիրառելով հողի և անտառների բարելավված կառավարում:

1

Միքայել Մանուկյան իր խոսքում ընդգծել է՝ արդեն իսկ ուղենշված է անտառի կարգավիճակի բարձրացման հարցը, ինչպես նաև նշել է, որ մեկնարկել է անտառային ոլորտը կարգավորող օրենքների վերամշակման և փոփոխությունների փուլ։ ՊԳԿ-ի ներկայացուցիչներն իրենց խոսքում ընդգծել են, որ անտառների կառավարման ուղղությամբ աշխատանքներն ավելի արդյունավետ կարող են լինել միայն այն դեպքում, եթե հստակ նախանշվեն կոնկրետ անելիքներ և ուղղություններ, որոնք կյանքի կոչելու համար կարևոր է նաև հստակեցնել համաֆինանսավորման հարցը։

Հյուրերը շեշտել են, որ հատկապես հետաքրքրված են Լոռու և Սյունիքի մարզերով և այն նախաձեռնությունները, որոնք համընկնում են իրենց մոտեցումներին, կարող են կյանքի կոչվել՝ համագործակցության ձևաչափով և ներառել երեք հիմնական ուղղություն․ներդրումային մաս, քաղաքականության մշակում, աշխատանքներ՝ դեգրադացված անտառների վերականգնման ուղղությամբ։

Հանդիպում է տեղի ունեցել նաև անտառային հրդեհների կառավարման ոլորտի՝ Լիբանանից ժամանած մասնագետի հետ։ Քննարկվել է հրդեհի առաջացման պատճառների, դրանց մարման աշխատանքների կազմակերպման, հրդեհավտանգ իրավիճակում գործողությունների պլանավորման և այլ հարցեր։ Ձեռք է բերվել նաև Լիբանանի կողմից հակահրդեհային անհարժեշտ տեխնիկայի և գույքի տրամադրման հետ կապված պայմանավորվածություն։ Տեղի է ունեցել նաև փորձի և գիտելիքների փոխանակում, Լիբանանից ժամանած մասնագետը ներկայացրել է իրենց երկրի անտառային մթերքների արդյունավետ օգտագործման տեսակները։

4

Տեղեկացնենք, որ «ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը և «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ը ստորագրել են Պատրաստակամության շրջանակային համաձայնագիր, որի նպատակն է զարգացող երկրներին հնարավորություն տալ համագործակցել ՊԳԿ-ի հետ՝ անդամակցելու «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ին և մշակելու ազգային հարմարվողականության պլաններ և կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների ծրագրեր:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն