enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube

Տարիներ ի վեր անտառների պահպանության գործող մեխանիզմը ճիշտ չի եղել. Միքայել Մանուկյան

Yerkir.am կայքը գրում է․

«Նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անտառային պետական կոմիտե ստեղծելու մասին հրամանագիր ստորագրեց։ Կոմիտեն կգործի ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում։

Անտառային պետական կոմիտեի կարգավիճակը որքանո՞վ կնպաստի ոլորտում առկա խնդիրներն ու բացերն առավելագույնս շտկելուն։ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի հետ։

-Պարո՛ն Մանուկյան, շուրջ կես տարի է` ղեկավարում եք «Հայանտառ»-ը։ Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ պաշտոնավարման սկզբնական փուլը Ձեզ համար ավելի շատ ուսումնասիրությունների, ոլորտի նրբությունները պատկերացնելու փուլ էր։ Այժմ կարո՞ղ եք ասել՝ որո՞նք են առկա կարևոր և առանցքային խնդիրները, և ի՞նչ կոնկրետ աշխատանքներ եք կատարել ու կատարում այդ ուղղությամբ։

-«Հայանտառ»-ի կարևորագույն խնդիրն այսօր անտառների արդյունավետ պահպանության հարցն է։ Տարիներ ի վեր անտառների պահպանության գործող մեխանիզմը ճիշտ չի եղել, գործիքակազմը թերի է, ինչի արդյունքում առաջացել են բազմաթիվ խնդիրներ։ Պետական կոմիտեի կարգավիճակը հնարավորություն կտա, որ շատ հարցեր պատշաճ լուծում ստանան։ Մասնավորապես` մենք  կունենանք պահպանության առանձին պետական ծառայություն, որն օժտված կլինի լուրջ իրավասություններով,  գործիքակազմով։ Նշյալ ծառայությունը զուտ անտառի պահպանություն կիրականացնի։

-Այսինքն՝ ՊՈԱԿ-ի լիազորությունները թույլ չե՞ն տալիս արդյունավետ պահպանություն իրականացնել, մինչդեռ կոմիտեի լիազորությունների ավելի լայն շրջանակն այդ խնդիրը կլուծի՞։

-Այս պահի դրությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր կազմում անտառային պետական ծառայություն ունենալու իրավասություն չունի, իսկ կոմիտեի կարգավիճակը տալիս է այդ հնարավորությունը։ Ներկայումս մեր անտառների պահպանությունը վերապահված է անտառապահներին, ովքեր չունեն բավարար գործիքակազմ, լիազորություններ՝ արդյունավետ աշխատելու համար։ Անտառապահների աշխատանքը 9։00-18։00-ն է։ Պահպանության ծառայության ներդրմամբ այս լուրջ խնդիրը ևս լուծվելու է. գործելու է 24-ժամյա պահպանության ռեժիմ՝ հագեցած անհրաժեշտ գործիքակազմով, լուրջ հսկողության տակ է առնվելու փայտանյութի տեղաշարժը։ Պահպանության մասով զբաղվելու է պահպանության ծառայությունը, իսկ անտառի կայուն կառավարման մյուս հարցերն արդեն վերապահված են լինելու կոմիտեի կազմում գործող ՊՈԱԿ-ին։ Նախատեսում ենք նաև անտառային տարածքներում զբոսաշրջության զարգացման  համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ հիմնել,  մասնավորապես՝ զբոսաշրջային նոր երթուղիներ մշակել, հանգստի գոտիներ, վրանային ճամբարներ, գիշերակացներ ստեղծել և շահագործել։ Ուսումնասիրել ենք այս բնագավառում տարբեր երկրներում իրականացվող աշխատանքները, և պետք է ասեմ, որ  հարևան Վրաստանի փորձը բավականին հաջողված եմ համարում։ 

-Ո՞րն է լինելու անտառային պետական կոմիտեի գործառույթը։

-Կոմիտեն գործելու է ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում։ Նախարարությունը մշակելու է ՀՀ անտառային ոլորտի քաղաքականությունը, իսկ կոմիտեն իրականացնելու է այն։ Անտառների պահպանությունը՝ պահպանության ծառայության միջոցով, իսկ անտառների կայուն կառավարումը՝ ՊՈԱԿ-ի միջոցով»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։