enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ապօրինի անտառահատումները նվազել են

«Հետքի» հարցերին պատասխանում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը

cutԷկոլոգները պնդում են, որ անտառային տարածքները նվազել են, Ձեր հաշվարկով` որքա՞ն է նվազել:
Անտառի որակական փոփոխություններ եղել են, բայց անտառային տարածքները չեն նվազել: Հիմա անտառային տարածքներն այնքան են, ինչքան 1988-ին: Մի քանի անտառտնտեսությունների անտառկառավարման պլաններն ընթացքի մեջ են, հուսով եմ, որ կավարտվեն 2011-ին: Այդ ժամանակ կարելի է հստակ թվեր նշել, թե անտառային տարածքն ինչքան է կազմում: Անտառային պաշարի իմաստով` 1988-ի եւ 2006-ի համեմատությամբ` հիմնականում Տավուշում եւ Լոռիում, անտառային պաշար չի նվազել, մակարդակը նույնն է` չնայած այս տարիների մեծ ծավալի օգտագործումներին: Անտառը նաեւ աճում է: Հատված տարածքներում բնական վերաճն ավելի արագ է ընթանում:

Ի՞նչ է անում «Հայանտառը» ապօրինի ծառահատումները կանխելու համար:
Անտառի օգտագործման կարեւորագույն խնդիրը ապօրինի ծառահատումներն են: Ես այն համոզմունքն ունեի, որ խորհրդային տարիներին ապօրինի ծառահատումներ չեն եղել, բայց երբ նայում ենք արխիվները, պարզվում է` այն ժամանակ էլ են եղել` հիմնականում համայնքների անտառամերձ տարածքներում:

Բնականաբար, 90-ականներից անտառահատումներն ավելի սաստկացան տարբեր` օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով` էներգետիկ ճգնաժամը, Հայաստանի շրջափակումը եւ այլն: Եթե նայենք թվերը, սկսած 2003-ից` անտառօգտագործման ծավալներն անցնում են մոտ 1 մլն խմ-ից: «Հայանտառի» առաջնահերթ խնդիրը անտառների պահպանությունն է, թե որքանո՞վ է «Հայանտառը» կարողանում լուծել այդ խնդիրը` ներկայումս վերլուծություններ են կատարվում` ելնելով իր կարգավիճակից, խանգարող հանգամանքներից, անտառապահների, անտառային համակարգի աշխատողների աշխատավարձից եւ, ընդհանրապես, անտառների պահպանության հետ առնչվող այլ կառույցների մեջ իրավունքների եւ իրավասությունների բաշխումից:

Ներկայումս Համաշխարհային բանկի, Բնության պահպանության միջազգային միության (IUCN) եւ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) աջակցությամբ Եվրոպական հարեւանության քաղաքականության արեւելյան երկրներում եւ Ռուսաստանում անտառային օրենսդրության կիրարկման եւ անտառային ոլորտի կառավարման բարելավման ծրագիր է իրականացվում: Սա ենթադրում է գործողությունների, վերլուծությունների ծրագիր, ապօրինի օգտագործումների հետ կապված խնդիրների վերհանում եւ լուծումների առաջարկում: Հիմնական խնդիրը հասարակությունն է, այսինքն` ապօրինի անտառահատումների, անտառօգտագործման վերաբերյալ լայն շերտերի իրազեկումը: Մենք բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել, նամակներ ենք ուղարկել համայնքապետերին` բնակչությանն իրազեկելու ապօրինի հատումների արդյունքում բնությանը հասցրած վնասի փոխհատուցումների մասին: Եթե պայքարն այդքան հեշտ լիներ, շատ արագ կլուծվեր, հենց դրա համար է, որ միջազգային կառույցների կողմից կարեւորվում է այս խնդիրը:

Կարո՞ղ ենք խոստովանել, որ Հայաստանը չի կարող ապահովել իր անտառների «անվտանգությունը»  եւ ի վիճակի չէ կանխել անտառահատումները:
Դա մի քիչ ծայրահեղ կարծիք է: Այս խնդիրը միայն հայաստանյան խնդիր չէ: Չկա անտառային որեւէ համագումար` աշխարհի կամ եվրոպական, որտեղ թիվ մեկ խնդիրը ապօրինի անտառահատման դեմ պայքարը չլինի: Այն երկրներում, որտեղ հիմնականը սոցիալական խնդիրն է, ուղեկցվող երեւույթ է ապօրինի անտառահատումը: Այս տարիներին ապօրինի հատումների ծավալը մի քանի անգամ պակասել է: 1994 թ. «Հայանտառի» ստուգումներով արձանագրվել է 454 233 ծառ, 95-ին` 232933: (Տես`2004-2009թթ. ապօրինի հատված ծառերի քանակի աղյուսակը (հատով))

Չարձանագրվածներն ի՞նչ տոկոս են կազմում:
Չարձանագրվածների համար պետք է մոնիտորինգ անել: Օրինակ` 2007 թ. մոնիտորինգի կենտրոնը ուսումնասիրություն է արել, Հայաստանում որպես վառելափայտ օգտագործվող փայտանյութի ծավալը մոտավորապես հաշվարկվում է տարեկան 300-350 հազ. խմ, որի մեջ հաշվարկված է նաեւ անտառամերձ համայնքների բնակչության օգտագործած փայտը: Եթե հաշվի առնենք անտառամերձ համայնքների կողմից փայտի օգտագործումը որպես վառելիք` դա մոտավորապես կարող է կազմել 150-200 հազ. խմ: Բայց դա չի նշանակում, որ անտառամերձ գյուղացին գնում այդքան ծառ է կտրում, որովհետեւ անտառում թափուկ հասկացողություն կա` ձյունաջարդ, փտած ծառեր, ճյուղեր, որն ամեն տարի գոյանում է: Օրինակ` անտառկառավարման պլաններով Սեւքարի անտառտնտեսությունում հաշվարկվել է մոտավորապես 40 հազար խմ թափուկ: «Հայանտառը» միջին հաշվով տարեկան վաճառում է մոտ 70-75 հազ. խմ փայտանյութ, որի մեջ մոտ 20 հազարը թափուկն է, մնացածը` հատատեղային ֆոնդը, այսինքն` օրինական հատումներից գոյացած փայտանյութը:

Իսկ ո՞ր երկրներ եք արտահանում:
Արտահանում ենք որոշ քանակությամբ հաճարի տախտակ, որովհետեւ Կառավարության որոշմամբ արգելք դրվեց գերանների արտահանման վրա, դա նաեւ մեր նախաձեռնությունն էր: «Հայանտառը» միայն արտահանում է Իրան: Եթե նայենք դինամիկան, հիմա շատ ավելի քիչ է արտահանումը, որովհետեւ քիչ ենք հատում: (Տես` 2005-2010 թթ. Հայաստանից Իրան արտահանված փայտանյութի ծավալների մասին աղյուսակը)

Պահանջարկ կա՞
Մինչեւ 2005 թ. փայտանյութի արտահանումը կարգավորված չի եղել: 2005-ին Կառավարությունը որոշում ընդունեց արտահանումը կանոնակարգելու մասին, եւ նշվեց, որ փայտանյութ կարող է արտահանվել բացառապես  օրինական ձեւով: Պահանջարկը նվազել է, որովհետեւ մեր հատումների արդյունքում չի գոյանում որակյալ շինափայտ, որն իրենց ձեռնտու լինի: Իրենք հաճարի գերանը տանում էին ոչ թե որպես տախտակ օգտագործելու, այլ երեսապատման համար` կահույքագործության մեջ: Գերանի պահանջարկ կար, բայց տախտակի պահանջարկ չկա: Սանիտարական հատումներից որակյալ շինափայտ չի գոյանում: Մենք մինչեւ հիմա չենք իրականացրել անտառվերականգնման հատումներ, որի նպատակը որակյալ շինափայտ ունենալն է:
Չնայած անտառկառավարման պլաններով նախատեսված է, հիմա նոր կարող ենք իրականացնել, բայց դա իր ետեւից կարող է տարբեր խախտումներ բերել: Այն տարածքները, որտեղ կարելի է իրականացնել անտառվերականգնման հատումներ, անհասանելի են, ճանապարհներ, անտառհատման նոր տեխնոլոգիաներ, տեխնիկա չկա, դրա համար մենք ձեռնպահ ենք մնում գլխավոր հատումներից:

Ի՞նչ գներով եք վաճառում:
Կաղնին բավականին բարձր է, որը նաեւ արդարացված չէ: Փայտանյութի արժեքը ավելանում է նրա վերմշակումից հետո: Մենք ունենք կանգնած ծառի արժեք, օրինակ` կաղնի, հացենի, լորենի` 25 սմ-ից ավելին` 70 հազար դրամ առաջին տեսակն է, 56 հազար` երկրորդ տեսակը, 48 հազար` երրորդ տեսակը  (փայտանյութի տեսակը ոստերի առկայությունից է կախված): Հաճարենին 32,  26, 22 հազար դրամ է, բոխին եւ այլ տեսակները` 18, 15, 13 հազար դրամ և այլն: Իսկ 12-14 հազար դրամ` կախված նաեւ հեռավորությունից ավելանում է, եթե ներքեւի կամ վերեւի պահեստից են տանում: Մյուս տարի նախապատրաստում ենք նաեւ աճուրդով հատատեղեր:

Ձեր գնահատմամբ, անտառահատման բիզնեսը Հայաստանում ի՞նչ վիճակում է:
Որպես կայացած բիզնես գոյություն չունի: Մեր, նաեւ երկրի խնդիրն է` կայացնել դա որպես բիզնես` հատումը, տեղափոխումը, օգտագործումը: Հույս ունենք, որ այս անտառկառավարման պլանների հաստատումից հետո մենք կգնանք դրան, եւ պետությունը կհայտարարի մրցույթ:
Անտառ կառավարող մարմինը ոչ թե կախված կլինի, որ ամեն տարի հրաման տան, ամբողջ աշխարհում անտառկառավարման պլանը այն փաստաթուղթն է, որը տրվում է անտառկառավարողին, 10 տարի աշխատում է: Խնդիրը համակարգերը կայացնելն է: Մյուս տարի նախատեսում ենք, որ «Հայանտառը» հատումներով չպիտի զբաղվի: Մենք ունենք նաեւ մասնագետների լուրջ պակաս, նամանավանդ` հատումների նշանակման մասնագետների: Ցավոք սրտի, «Հայանտառը» մոտ 10 տոկոսով է ապահովված մասնագիտական կադրերով: Ասենք` մեր անտառապետներից քչերը անտառագիտական կրթություն ունեն:

Շատ չե՞ն սանիտարական հատումներ իրականացվում, ի՞նչ ծավալներ են դրանք կազմում:
2010 թ. հատատեղային ֆոնդը 35 հազ. խմ է, որից մոտ 20.050-ը` խնամքի, 14.950-ը` սանիտարական: Մոտ նույն ծավալը եղել է նաեւ անցյալ տարի: Սա անտառի շահերից է բխում` որակի բարելավման հատումներ են: Ընդ որում` ապօրինի հատումների դեմ պայքարի համար պետք է ավելացնել օրինական հատումների ծավալը: Ի վերջո, եթե գյուղացին ունի այդ պահանջարկը, նա կկտրի: Եթե գյուղացին մի երկու ծառ է կտրել, նա պետք է 300 հազար դրամ վճարի, սա է խնդիրը, որ մեր անտառապետները կարող են թաքցնել հատման դեպքերը: Նա իր գյուղացու վրա ակտ կգրի՞: Եթե գրի, այդ գուղացին կորած է:
Մեր սոճուտները, օրինակ` Ապարանում, Վանաձորից Դիլիջանի ճանապարհի սոճուտներում երկար տարիներ հատումներ չեն իրականացվել: Անտառագիտական տեսանկյունից դա հանցագործություն է: Անընդհատ անհարկի աղմուկ է եղել եւ միշտ քննադատվել է: Վերջերս Գերմանիայից մի փորձագետ էր եկել, որը համարվում է Եվրոպայի լավագույն անտառագետներից մեկը, գնաց Կապան ու եկավ ինձ ասաց` «դու հանցագործ ես, այդքան գերհասուն անտառներ պահելը հանցագործություն է անտառի նկատմամբ»: Մենք կաղնուտներ ունենք, որտեղ բնական վերաճ ընդհանրապես չկա, որովհետեւ տարիներ շարունակ այդ տարածքներում հատումներ չեն եղել:

Իսկ արդյունաբերական նպատակներով որքա՞ն ծառահատում է իրականացվել:
Հիմա Թեղուտն է: 55 հա արդեն հատվել է: Կա նաեւ ՀԷԿ-երի կառուցման տեղերում, բայց այդ ընկերությունները փոխհատուցում են, եթե պայմանագիր են կնքում մեզ հետ:  Կամ ճանապարհ են կառուցում, մի քանի ծառ են կտրել, օրինակ` Իջեւանի ճանապարհի փլուզման պատճառով նոր ճանապարհ անցկացվեց, բայց դա չի կարող ծավալ կազմել:

Գազի սակագնի բարձրացումը ինչպե՞ս անդրադարձավ անտառահատումների ծավալների վրա:
Գազաֆիկացման մեծ տեմպերի արդյունքում նվազեց մեծ քաղաքների ճնշումը անտառի վրա, փայտանյութի` որպես վառելանյութի պահանջարկը նվազեց: Մենք կարծում էինք, որ կկրճատվի անտառամերձ համայնքներից անտառահատումների թիվը: Ցավոք սրտի, հույսերը չարդարացան, որովհետեւ այսօր գազը բարձր գնի պատճառով ուղղակի անհասանելի է անտառամերձ համայնքների բնակչության համար:

Վերջերս մոնիտորինգի խումբը Գուգարքի անտառտնտեսությունում թաքցրել է հատված ծառերի իրական թիվը: Արդյո՞ք սա չի նշանակում, որ մոնիտորինգի խումբը մշտապես թաքցնում է այդ թվերը: Որքանո՞վ եք վստահում այդ արդյունքներին:
Դրա համար ես ուղարկել եմ մեր մասնագետներին, Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն ու իրավապահները երեկ առավոտվանից այնտեղ են եւ նայում են տարածքները, ծառերը պիտի չափվեն, կնքվեն, պիտի հաշվարկվի վնասը, արդեն իսկ գործերն ուղարկվել են դատախազություն:

Ո՞ր տարածքներում են ավելի շատ ապօրինի անտառահատումներ իրականացվում:
Պատահական չէ, որ Եղեգնուտը եւ Վահագնին, Գուգարքը ամենախոցելի տարածքներն են տարիներ շարունակ: Վահագնիում եւ Եղեգնուտի անտառպետությունում 90-ականներից սկսած մարդ չի եղել, որ չդատվի` թե անտառապահ, թե անտառապետ, եւ հիմա բոլորը վախեցած են եւ չեն գալիս անտառապահ աշխատելու:

Անտառապետը ինչքա՞ն աշխատավարձ է ստանում:
Անտառապետը` 60-75 հազար դրամ, անտառապահը` 40-45 հազար դրամ: Սա լրջագույն խնդիր է: Տեսուչները, որոնք կոչված են վերահսկելու, մոտ այդքան են ստանում: Աշխատավարձերի ցածր լինելը բնականաբար լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում այս համակարգում: Ապօրինի հատումների դեմ պայքարը ամբողջ աշխարհը սկսում է ոչ թե անտառից, այլ այն ճանապարհներից, որտեղով տեղափոխվում է ապօրինի հատված ծառերը: 8000 հեկտար մեկ անտառապահին է տրված` պահպանելու (մաքուր աշխատողին), նամանավանդ մեր անտառներում, որը սարեր, լեռներ, ձորեր են, բնականաբար ի վիճակի չեն այդքան տարածքը պահպանել:

Նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել «Հայանտառում», ի՞նչ չարաշահումներ են հայտնաբերվել:
Նախագահի վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է կատարում: Դրանք պլանային ուսումնասիրություններ են, վերջին անգամ կատարվել են 2003-ին, որի արդյունքում տեղի ունեցավ կառուցվածքային փոփոխություն. «Հայանտառը» ԲՆ-ի ենթակայությունից անցավ գյուղնախարարությանը` այդպիսով տարանջատելով անտառօգտագործումը վերահսկողությունից: Մենք նախապես գիտեինք, որ ցանկություն կա ուսումնասիրելու: Հունվարին, երբ նախագահի վերահսկողության ծառայության աշխատանքային պլանը հաստատվել է, նախատեսվել է նաեւ սա: Այս ընթացքւոմ մենք ամեն շաբաթ հանդիպել ենք ուսումնասիրություններ իրականացնող խմբի ղեկավարի հետ, եւ չարաշահումների մասին խոսք չի եղել, այսինքն` նման բան չկա:

Երկար տարիներ զբաղեցնում եք այս պաշտոնը, դուք ինքներդ ձեր աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում:
Եթե կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն վարչական մեթոդներով եւ չեն լուծվում, զուտ տնօրենի խնդիր է, բայց եթե կան համակարգային խնդիրներ, դրանք պետք է լուծվեն համակարգային բարեփոխումների արդյունքում: Էական չէ, որ ես ինձ գնահատեմ: Տարբեր գնահատականներ կան` ծայրահեղ լավից ծայրահեղ վատ:

ՔՐԻՍՏԻՆԵ ԱՂԱԳՈՒԼՅԱՆ

2010.09.17

This post is also available in: English