enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արտապլանային հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Անտառային հրդեհների կանխարգելում և օջախների վերացում» թեմայով

 06/30/2017

 

Համաձայն ՀՀ  գյուղատնտեսության նախարարի 2017 թվականի  հունիսի 22-ի  N 153-Ա հրամանի`  ս.թ. հունիսի 27-ին  ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում անց է կացվել  «Անտառային հրդեհների կանխարգելում և օջախների վերացում» թեմայով արտապլանային հատուկ տակտիկական ուսումնավարժություն:       Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կենտրոնական և մարզային կառույցների,  «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Լոռու մարզպետարանի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  մարզային փրկարարական վարչության,   Վանաձորի քաղաքապետարանի և մի շարք անտառամերձ համայնքների ներկայացուցիչներ:  

  Ուսումնավարժության նպատակն էր ուսումնասիրել մարզային կազմակերպությունների և համայնքների ղեկավար կազմի հմտություններն ու ունակություններն անտառային հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման  գործում, ինչպես նաև ստուգել մարզի փրկարարական  վարչության  և անտառտնտեսությունների կողմից հաստատված «Անտառների հակահրդեհային  պահպանության միջոցառումներ» ծրագրի համապատասխանությունը` ստեղծված իրավիճակին:

 Տեղեկացնենք, որ ուսումնավարժությունն իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում քննարկվել են  հանրապետության անտառների հրդեհավտանգ իրավիճակին, անտառների վրա հրդեհների ազդեցութանը վերաբերող հարցեր:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Անտառների պահպանության և պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Ադելաիդա Մանուկյանը ներկայացրել է անտառային հրդեհների 5 տարվա դինամիկան,  անդրադարձ է կատարվել օրենսդրական դաշտին, անտառային հրդեհների հայտնաբերման գործում երկրատեղեկատվական համակարգի կիրառման հարցին:

Գլխավոր մասնագետի խոսքով՝ 2013 թվականից հանրապետությունում հրդեհների աճ է գրանցվել: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ գլխավոր մասնագետն ընդգծել է, որ 2013 թվականին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 19 անտառտնտեսություններից 8-ում հրդեհների 20 դեպք է գրանցվել, 2014 թվականին՝ 4 մասնաճյուղերում՝ 24 դեպք, 2015- 2016 թվականներին՝ 32-ական: Գլխավոր մասնագետը նաև նկատել է, որ հրդեհների կանխարգելման համար առաջին հերթին պետք է պարզել դրանց առաջացման պատճառները:  

Մասնավորապես նշվել է, որ հանգստի կազմակերպման, ինչպես նաև անտառային հատապտուղների հավաքման նպատակով ամառային սեզոնին աճում է ազգաբնակչության հոսքը դեպի անտառային տարածքներ և հաճախ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու պատճառով  ստեղծվում է հրդեհավտանգ իրավիճակ: Հիշեցվել է, որ չնախատեսված տարածքներում  խարույկներ վառելը, խոտածածկ տարածքներում ապակյա տարաներ, ոչ լրիվ մարած կրակի օջախներ թողնելը կարող են հրդեհների բռնկման և տարածման պատճառ հանդիսանալ, ինչպես նաև  վտանգ են ներկայացնում անտառամերձ բնակավայրերի համար, որոնք կարող ենք հայտնվել կրակի շրջափակման մեջ:   Ընդգծվել է նաև, որ լրջագույն վտանգ են ներկայացնում գյուղատնտեսական հողատեսքերի հրկիզումը:

 

1

2

4

5

3

Երկրորդ փուլի ընթացքում «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում`Արջուտ համայնքի մոտ, իրականացվել է անտառային տարածքի պայմանական հրդեհում և հրդեհաշիջում:  Անտառտնտեսության աշխատակիցների ուժերով կատարվել են առաջնային հրդեհաշիջման աշխատանքներ` մինչև ԱԻՆ մարզային փրկարար վարչության Վանաձորի  հրշեջ  փրկարարական  ջոկատի հրշեջների  ժամանումը: Բացի այդ,  «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից միջոցառման ընթացքում փորձարկվել է անօդաչու թռչող սարք` ընդհանուր պատկերը վերլուծելու,  հրդեհի  հնարավոր այլ օջախներ հայտնաբերելու նպատակով: