• photo4Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ Կոտայքի մարզում իրականացվում է անտառապատման և անտառվերականգնման ծրագիր, որի նպատակն է «Հայանտառ» ՊՈԱԿ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում ժամանակակից տնկարանային տնտեսության ստեղծումը: Ծրագիրն իր մեջ ներառում է նաև սերմերի հավաքման փորձնական տեղամասերի ստեղծում, անտառային աշխատակիցների համար սերմերի և բույսերի արտադրության, անտառտնկարկների, բնական վերականգնման և խնամքի միջոցների վերաբերյալ ուսուցման դասընթացների կազմակերպում:Ծրագրի իրականացման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից արդեն իսկ իրականացվել են տնկարանի ցանկապատման, ոռոգման համակարգի կառուցման և գրասենյակի շենքի վերանորոգման աշխատանքներ: Ներկայումս իրականացվում է ջերմոցային լրակազմի ձեռքբերման ու տեղադրման, ինչպես նաև սերմերի վերամշակման համար սարքավորումների ձեռքբերման աշխատանքներ:
  • photo5Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրների և Ռուսաստանի անտառային օրենսդրության կիրարկման և կառավարման բարելավման տարածաշրջանային ծրագրի (ENPI FLEG) շրջանակներում իրականացվում են անտառային օրենսդրության բարելավմանն ուղղված աշխատանքներ տարածաշրջանային մակարդակով, որի նպատակն է ապօրինի հատումների նվազեցումը, անտառների պահպանության և պաշտպանության ուժեղացումը, ինչպես նաև անտառների կայուն կառավարումը:
  • Գերմանիայի դաշնության Շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության ֆեդերալ նախարարության /BMU/ և Գերմանիայի զարգացման բանկի /KfW/ ֆինանսավորմամբ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ Լոռու մարզի Գուգարքի անտառտնտեսություն մասնաճյուղում 2009-2010թթ. հիմնադրվել են 230 հա անտառմշակույթներ:
  • ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) Գլոբալ Էկոլոգիական Ֆոնդի (GEF) ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացվում է «Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնաանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացումը» ծրագիրը:
    Ծրագրի շրջանակներում իրականացվում է Սյունիքի մարզի անտառտնտեսություններում դեգրադացված և այրված անտառների վերականգնում: 2009-2010թթ. ընթացքում արդեն իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում հիմնադրվել են 15 հա անտառմշակույթներ և «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում այրված գիհուտների վերականգնման նպատակով հիմնադրվել են 20 հա գիհու անտառմշակույթներ: Քանի որ գիհուտները Հայաստանում առհասարակ մեծ դժվարութայմբ են վերականգնվում, իսկ արհեստական եղանակով վերականգնման հաջողված փորձ գրեթե չկա, ապա գիհու անտառմշակույթների հիմնադրումը կատարվել է փորձնական (պիլոտային)` ցանքսի և տնկման միջոցով:
    Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև Սյունիքի մարզի անտառտնտեսությունների համար հակահրդեհային և անտառտնտեսական սարքավորումների, ամենագնաց բեռնատար մեքենաների ձեռքբերում, հակահրդեհային միջոցառումների կազմակերպում, անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն պայքարի իրականացում, բնապահպանական և անտառային ոլորտին վերաբերվող ուսուցման դասընթացների կազմակերպում և այլն:
  • 2006 և 2008 թ.թ.-ին «Հայանտառ»-ը Անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ Երևանի անտառտնտեսության Նուբարաշենի անտառպետության ՋԷԿ-ին հարակից շուրջ 60 հա տարածքում իրականացրել է պոմպակայանի և ոռոգման ցանցի վերակառուցման, ցանկապատման և անտառպուրակի հիմնադրման աշխատանքներ: 2010 թ.-ին Գյումրիի անտառտնտեսության Արթիկի անտառպետության 25 հա տարածքում իրականացրել է անտառմշակույթների հիմնադրման և ցանկապատման աշխատանքներ։
  • Կովկասյան տարածաշրջանային Էկոլոգիական կենտրոնի կողմից իրականացվում է «Կովկասի լեռնային տարածաշրջանում համայնքային անտառների կառավարման քաղաքականության և փորձի զարգացման աջակցություն» ծրագիրը:
    Ծրագրի նպատակն է աջակցել լեռնային տարածաշրջաններում համայնքային անտառների կառավարման և քաղաքականության զարգացմանը, անտառային ոլորտում օրենսդրական դաշտի կարգավորմանը, անտառային տարածքների պահպանությանը, չքավորության նվազեցմանը և այլն:
    Ծրագրի շրջանակներում Կովկասյան տարածաշրջանի յուրաքանչյուր երկրում նախատեսվում է համայնքային կառավարման երկուական պիլոտային ծրագիր, անտառկառավարման պլանների նախագծում, անտառտնկումներ, ուսուցողական դասընթացներ և այլն:
  • Ճապոնիայի կառավարության «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներում ձևավորված գործընկերային ֆոնդի հաշվին 2006-2009թթ. հանրապետության տարբեր մարզերում (Լոռի, Տավուշ, Սյունիք, Կոտայք, Շիրակ, Արագածոտն) և Երևան քաղաքում իրականացվել են անտառապատման և ցանկապատման աշխատանքներ շուրջ 1300 հա տարածքում:

This post is also available in: English