enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Հետ-Ռիո+20» համաշխարհային գործընթաց

Հարգելի կայքի այցելուներ

Տեղեկացվում է, որ  Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի  «Հետ-Ռիո+20» համաշխարհային գործընթացի աշխատանքները կանոնակարգելու նպատակով  ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի  անդրանիկ նիստը գումարվել է 2014 թվականի փետրվարի 7-ին:
Հանձնաժողովի կազմում ստեղծվել են 11 ենթահանձնաժողովներ, որոնց հիմնական ուղղությունները հետևյալն են.
1. Ընդերքօգտագործումը և շրջակա միջավայրը:
2. Այլընտրանքային էներգետիկայի զարգացում և էներգախնայողություն:
3. Ջրային ռեսուրսների կայուն կառավարում:
4. Թափոնների կայուն կառավարում:
5. Օրգանական գյուղատնտեսության զարգացում:
6. Կայուն տուրիզմի զարգացում:
7. Կայուն քաղաքներ/ կանաչ ճարտարապետության զարգացում:
8. Անտառների կայուն կառավարում, կենսաբազմազանության պահպանում:
9. ՄԱԿ-ի “Կրթություն հանուն կայուն զարգացման” տասնամյակի իրականացում:
10. Հազարամյակի զարգացման նպատակների վերափոխումը կայուն զարգացման նպատակների: Կայուն զարգացման ցուցանիշները և համաթիվը:
11. “Կանաչ էկոնոմիկայի” իրավական և տնտեսական մեխանիզմների զարգացում:
Ներկայացվում է «Հետ-Ռիո+20» համաշխարհային գործընթացի աշխատանքները կանոնակարգող միջգերատեսչական հանձնաժողովի «Անտառների կայուն կառավարում, կենսաբազմազանության պահպանում» ենթահանձնաժողովի առաջարկությունների նախնական տարբերակը:
Խնդրում ենք Ձեր առաջարկությունները ուղարկել ենթահանձնաժողովի համանախագահ Ռուբեն Պետրոսյանին հետևյալ էլեկտրոնային հասցեով.ruben.armforest@gmail.com

Կանխավ շնորհակալություն

«Հետ-Ռիո+20» համաշխարհային գործընթացի աշխատանքները կանոնակարգող միջգերատեսչական հանձնաժողովի «Անտառների կայուն կառավարում, կենսաբազմազանության պահպանում» ենթահանձնաժողովի նախնական առաջարկություններ

Անտառը բնական էկոհամակարգի բաղադրամաս է ու այն պետք է դիտարկել որպես այն կազմող բոլոր բիոտիկ և աբիոտիկ բաղադրիչների ամբողջականություն, այսինքն  որպես անտառային էկոհամակարգ: Բնական ռեսուրսը բնական էկոհամակարգի այն մասն է, որը կարող է օգտագործվել մարդու կարիքների համար:
Բնօգտագործման, այդ թվում` անտառօգտագործման Էկոհամակարգային մոտեցումը պահանջում է օգտվել այդ էկոհամակարգից այնպիսի չափավորված քանակներով, որը չի գերազանցի էկոհամակարգի ինքնավերականգման ունակության աստիճանը:

Ներկա վիճակը
Համաձայն 2011 թվականին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից հեռահար զոնդավորման մեթոդով ստացված տվյալների, Հայաստանի Հանրապետության անտառածածկի մակերեսը կազմում է 332.333 հա կամ ՀՀ ընդհանուր տարածքի մոտ 11.17%-ը:
Հայաստանի անտառների 75%-ը կառավարվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության, իսկ 25%-ը (բնության հատուկ պահպանվող տարածքներ)՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:
Վերջին տարիներին ավելացել են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների ծավալները, որոնք 10 տարիների ընթացքում  իրականացվել են 32100 հա տարածքում:
2003-2013թթ. ընթացքում անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ իրականացվել են ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքներ 76786 հա տարածքում:
Նվազել են ապօրինի հատումների ծավալները, եթե 2003 թվականին արձանագրվել է ապօրինի հատված 42236 ծառ, ապա 2013 թվականին` ապօրինի հատված 928 ծառ:
Ավելացել են անտառային հրդեհների ծավալները: Եթե 2003 թվականին գրանցվել են հրդեհներ 3,92 հա անտառային հողերում, ապա 2013թ. անտառային հրդեհներ գրանցվել են 91,575 հա անտառային հողերում:
Կապված համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ վերջին տարիներին նվազել է նաև պետական բյուջեից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը: Եթե 2008-2009թթ. պետական բյուջեից ֆինանսավորում կազմել է 1,3 մլրդ դրամ, ապա 2013թթ. այն կազմել է 734 մլն. դրամ:

Առաջարկություններ
1.Իրականացնել դեգրադացված անտառների վերականգնման և անտառապատ տարածքների ավելացմանն ուղղված աշխատանքներ:
Օպտիմալ անտառապատվածության հասնելու նպատակով մշակել կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ ծրագրեր ու գործողությունների պլան` իր ժամկետներով, այն դարձնել հիմք REDD+-ի ու NAMA-ի շրջանակում անտառապատման նախագծեր իրականացնելու համար:
Անտառային ռեսուրսների օգտագործման դիմաց ստացվող բնավճարներն ուղղել ստեղծվելիք քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ (ՀՀ կառավարության 2013թ. ապրիլի 25-ի և 2013թ. նոյեմբերի 14-ի նիստերի արձանագրային որոշումներով տրված հանձնարարականներ՝ բնավճարների միջոցներից քաղաքացիական ներդրումային շրջանառու հիմնադրամներ ձևավորելու վերաբերյալ): Այդ ֆինանսական միջոցներն օգտագործել որպես համաֆինանսավորման բաղադրիչ տեղական ու միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող անտառային տնտեսության զարգացման անտառապատման ու անտառվերականգնման ծրագրերում:
Անտառների վերականգնումը և անտառապատ տարածքների ավելացումը կբարելավի հանրապետությունում էկոլոգիական վիճակը, կկանխի հողատարման և այլ անցանկալի երևույթների զարգացումը, կնպաստի ռեկրեացիոն գոտիների ավելացմանը, կավելացնի բնակչության մեկ շնչին ընկնող կարանչ զանգվածը և այլն:
2. Զարգացնել տնկարանային տնտեսությունները`անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների ծավալներն ընդլայնելու, պաշտպանական, հակաէրոզիոն անտառաշերտեր ստեղծելու, կատարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով :
Օրինակ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում կառուցվել է փակ արմատային համակարգով տնկանյութի աճեցման ժամանակակից տնկարան, որտեղ աճեցվում է անտառային ծառատեսակների (սոճի, հացենի, թխկի և այլն) տնկանյութ:
3. Իրականացնել անտառների պետական հաշվառում և կադաստրի վարում:
Անտառների պետական հաշվառման բացակայությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում անտառային ոլորտի հեռանկարային զարգացման, ինչպես նաև Հայսատանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման համար:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի 2011 թվականի օգոստոսի 3-ի N23 հրամանով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքում ստեղծվել է Անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժին, սակայն անտառային պետական կադաստրի վարման համակարգը դեռևս ներդրված չէ, իսկ անտառների պետական հաշվառումը, որը համաձայն ՀՀ Անտառային օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի իրականացվում է 5 տարին մեկ անգամ, վերջին անգամ իրականացվել է 1993 թվականին:
4. Ավարտին հասցնել անտառկառավարման պլանների մշակման աշխատանքները:
5. Իրականացնել անտառային համակարգի տեխնիկական վերազինում` մասնավորապես տրամադրել համազգեստ, զենք, տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև բարձրացնել անտառպահպանության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը:
6. Նախաձեռնել ու կազմակերպել տարածաշրջանային ներառյալ անդրսահմանային համագործակցություն` անտառների հիվանդությունների,  վնասատուների ու  հրդեհների դեմ համատեղ պայքար իրականացնելու համար:
7. Բարելավել անտառային ոլորտի օրենսդրական դաշտը
Անտառային ոլորտի բարելավման նպատակով ՀՀ կառավարության 2004թ. սեպտեմբերի 30-ի թիվ 38 արձանագրային որոշմամբ հաստատվել են Ապօրինի անտառհատումների հետ կապված խնդիրների լուծմանն աջակցող միջոցառումների գործողությունների ծրագիրը և Հայաստանի Հանրապետության անտառի ազգային քաղաքականությունը և ռազմավարությունը, ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 21-ի 1232-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության անտառի ազգային ծրագիրը: Վերը նշված փաստաթղթերի ընդունման հիմնական նպատակն է ապօրինի հատումների նվազեցումը, անտառային էկոհամակարգերի պահպանությունը, դեգրադացված անտառային էկոհամակարգերի վերականգնումը, անտառային պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործումը և անտառների կայուն կառավարման ռազմավարության ապահովումը:
Հայաստանի Հանրապետության անտառի ազգային ծրագրի պահանջներից ելնելով` 2005 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության անտառային նոր օրենսգիրքը, իսկ հետագայում հաստատվել են դրանից բխող մի շարք ենթաօրենսդրական ակտեր:
Ապօրինի հատումների ծավալները նվազեցնելու նպատակով ընդունվել են մի շարք ենթաօրենսդրական ակտեր, այդ թվում
ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի մայիսի 6-ի N80-Ն հրամանով հաստատվել է Պետական և համայնքային անտառներում բնափայտի մթերման կարգը, որով հստակեցվում է շինափայտի որակական հատկանիշները, մթերման, հաշվառման և իրացման հստակ մեխանիզմները:
ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության անտառամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքների կողմից ոչ արտադրական (ոչ արդյունագործական) նպատակով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման համար բնօգտագործման վճարի գծով արտոնություն սահմանելու մասին» N1535-Ն որոշումը, համաձայն որի անտառամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքներին թույլատրվում է սեփական միջոցներով մթերել և անտառային տնտեսություն վարող տարածքային կազմակերպություններից անվճար ձեռք բերել մինչև 8 խմ թափուկ վառելափայտ:
ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի N1157-Ն որոշմամբ լրացումներ է կատարվել ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N902-Ն որոշման մեջ, համաձայն որի արգելվել է Հայաստանի Հանրապետությունից անմշակ գերանի արտահանումը:
ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1347-Ն որոշումով փոփոխություններ և լրացումներ է կատարվել ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգը սահմանելու մասին» N1045-Ն որոշման մեջ, համաձայն որի պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքների, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման և այլ աշխատանքների իրականացման ժամանակ անտառօգտագործողը պարտավորվում է օգտագործման տրամադրվող անտառային տարածքի առնվազն կրկնապատիկի չափով իրականացնել անտառապատման աշխատանքներ:
8. Ավելացնել պետական բյուջեից անտառային ոլորտի ֆինանսավորումը, ինչպես նաև այլ դրամական մուտքերը:
Վերջին տարիներին անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների մեծ մասն իրականացվել է հիմնականում տեղական ու միջազգային ծրագրերի ֆինանսավորմամբ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական եկամուտների հաշվին:
Անտառային (բնափայտային և ոչ բնափայտային) պաշարների կայուն օգտագործման կազմակերպումը կարող է հանդիսանալ լրացուցիչ եկամուտների աղբյուր, միևնույն ժամանակ նպաստավոր պայմաններ ստեղծելով հարակից համայնքների բնակչության զբաղվածության ավելացման և կենսամակարդակի բարձրացման գործում:
9. Անտառային ոլորտի վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացում
Լայն ու հետևողական իրազեկության կամպանիա ծավալել բնակչության շրջանում, միատեղելով այն վերջիններիս գործնական մասնակցությամբ:
Ապօրինի հատումները, անտառային հրդեհները նվազեցնելու, անտառների վիճակը բարելավելու նպատակով անհրաժեշտ է անտառային ոլորտում բարձրացնել հասարակության իրազեկությունը:
10. Իրականացնել անտառային ոլորտի աշխատողների վերապատրաստում, խթանել երիտասարդ մասնագետների պատրաստման գործընթացին:
Անտառային ոլորտի աշխատակիցների մասնագիտական հմտությունները բարձրացնելու, իրականացվող աշխատանքների որակը բարելավելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել անտառային աշխատողների վերապատրաստում:
11. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող արգելավայրերի սահմանազատում, դրանց համար կառավարման պլանների մշակում:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող անտառային հողերում առկա են թվով 13 արգելավայրեր, որոնցում ներկայումս անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշգրտում և կառավարման պլանների մշակում:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում գտնվող Արզական Մեղրաձոր արգելավայրում արդեն իսկ իրականացվել են քարտեզագրման և սահմանների ճշգրտման աշխատանքներ, 2014 թվականին նախատեսվում է իրականացնել կառավարման պլանների մշակման աշխատանքներ: Նմանօրինակ աշխատանքներ անհրաժեշտ է իրականացնել նաև մնացած 12 արգելավայրերում:
12. Կլիմայի փոփոխության նկատմամբ անտառների հարմարվողականության բարձրացում:
Ընդգրկել կլիմայի փոփոխությանը անտառի հարմարվողականության բաղադրիչը ՀՀ հարմարվողականության ազգային ծրագրում, որը պետք է մշակվի մինչև 2015թ-ի վերջը:
Հայաստանի տարածքում ներքին միկրոկլիմայական փոփոխությունները կարող են հանգեցնել կենսաբազմազանության առանձին բաղադրիչների արեալների կրճատմանը, տեղումների քանակի և հողի խոնավունակության նվազմանը, սերմնային անտառվերականգնման պայմանների վատթարացմանը և կիսաանապատային բուսատեսակների ներթափանցմանը: Բացի այդ, կարող է տեղի ունենալ անտառի ստորին եզրի բարձրացում և անտառի տեսակային կազմի որոշակի փոփոխություն:
Վերջին տարիներին կլիմայի փոփոխության նկատմամբ անտառների հարմարվողականության բարձրացման նպատակով իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք պետք է ունենան շարունակական բնույթ, այդ թվում՝
«Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնաանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի և Կապանի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում 2009-2012թթ. իրականացվել են անտառապատման աշխատանքներ 35 հա տարածքում: Նշված անտառտնտեսությունների համար ձեռք են բերվել հակահրդեհային սարքավորումներ, ձիեր, ամենագնա մեքենաներ և այլն:
«Կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումը Հարավային Կովկասում անտառների պահպանության, կառավարման և վերականգնման միջոցով» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում 2009-2010թթ. իրականացվել են 200 հա անտառապատման աշխատանքներ:
«Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի և Նոյեմբերյանի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում 2012-2013թթ. իրականացվել են անտառների տրանսֆորմացիայի աշխատանքներ: Նշված անտառտնտեսությունների համար ձեռք են բերվել անտառտնտեսական գործիքներ ու սարքավորումներ:

Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման հայեցակարգային մոտեցումները
Հայաստանի բնակչության բարեկեցության և սոցիալ-տնտեսական զարգացումը սերտորեն  կապված են կենսաբազմազանության պահպանության և կայուն կառավարման հետ, որը հանդիսանալով կենսունակ բնության և առողջ կյանքի դեռևս թերագնահատված երաշխիքը՝ գերակա դիրք  պետք է   գրավի երկրի մնայուն արժեքների շարքում: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել լայնածավալ գործողություններ` փոփոխելով բնության, և հատկապես կենսառեսուրսների նկատմամբ երկրում ձևավորված սպառողական  վերաբերմունքը՝ բացառելով անվերահսկելի գործընթացները, ինչպես նաև ընդլայնելով միջոլորտային համագործակցությունը: Նման գործողությունների հիմքում պետք է դրվեն հետևյալ սկզբունքները.
1.Քաղաքական որոշումների կայացման գործընթացը պետք է հիմնվի  էկոհամակարգերի և դրանց առանցքային բաղադրամաս կազմող կենսաբազմազանության իրական դերի ու արժեքների վրա:
2. Դեգրադացված էկոհամակարգերը պետք է վերականգնվեն շահավետ /քիչ ծախսատար/ միջոցներով կամ կոնսերվացվեն` բնականոն գործընթացների շնորհիվ դրանց բնական վիճակը վերականգնելու նպատակով:
3.Բնակչության կենսամակարդակի աճը պետք է ապահովվի տնտեսական գործունեության մեջ վերականգնվող բնական ռեսուրսների օգտագործման  այնպիսի մեթոդներով, որոնք  բացառում են   նրանց սպառումը  ու երաշխավորում են վերականգնումը` ի շահ ապագա սերունդների:
4. Կենսաբազմազանության հիմնախնդիրների վերաբերյալ որոշումները պետք է հիմնված լինեն լավագույն առկա գիտական տեղեկատվության վրա` օգտագործելով էկոհամակարգային մոտեցումը:
5. Անհրաժեշտ է պրակտիկորեն ամրապնդել համագործակցությունը կառավարական կառույցների, քաղաքացիների, ձեռնարկատերերի ու շահագրգիռ այլ կողմերի միջև և դրանց հետևողական  մասնակցությունը համապատասխան գործընթացներում:
6. Կենսաբազմազանության վրա վնասակար մարդածին  ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար պետք է մշակվեն և որոշումների ու ծրագրերի նախագծերի նախապատրաստման փուլում ներդրվեն միջոլորտային համագործակցության նոր արդյունավետ ձևերը:

Կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ոլորտում հրատապ լուծումներ պահանջող   հիմնախնդիրներն են`
Կենսաբազմազանության պահպանություն
1. Երկրի էկոլոգիական և սոցիալ-տնտեսական նոր պայմաններին համահունչ 2014-2020թթ համար Կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների երկրորդ ազգային ծրագրի մշակում և պաշտոնական ընդունում:
2. Կենսաբազմազանության գույքագրում, հաշվառում և կադաստրի համակարգի ստեղծում:
3. Կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի և տվյալների բազայի ստեղծում:
4. Էկոհամակարգային  ծառայություններից  ստացվող  օգուտների գնահատում /հատկապես ԲՀՊՏ-ների և անտառային համակարգերի համար/, դրանց օգտագործման թույլատրելի սահմանների և հասանելիության հիման վրա հետագա կառավարման պլանների մշակում` ծառայեցնելու համայնքային կայուն զարգացմանը,:
5.Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Նագոյայի արձանագրության միացման հնարավորությունների բացահայտում, գենետիկական ռեսուրսների մատչելիության և դրանց օգտագործումից ստացված օգուտների արդարացի բաշխման մեխանիզմների մշակում և ներդրում:
6. Կենսաբազմազանության պահպանության ոլորտում միջոլորտային համագործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծում:
7. Կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ հասարակության լայն զանգվածներում իրազեկության բարձրացում` ներառելով տեղական բնակչությանը պահպանության գործողությունների մեջ:

Կենսառեսուրսների կայուն օգտագործում
8. Առավել օգտագործվող բուսական և կենդանական տեսակների պաշարների և կայուն օգտագործման հնարավորությունների գնահատում, դրանց օգտագործման ենթակա չափաքանակների որոշում,
9. Էկոհամակարգային մոտեցմամբ անտառային ռեսուրսների որոշման մեթոդաբանության մշակում՝ հենվելով վերականգնվող կենսառեսուրների բնօգտագործման նորմավորման («պոպուլյացիոն կորի» մեթոդ), այդ թվում` անտառային էկոհամակարգում գույքագրման ու  հաշվառման մեթոդաբանության սահմանում, ներառելով անտառային էկոհամակարգի վիճակը բնութագրող չափորոշիչներ (հողում և բուսականությունում), կուտակվող ու կուտակված օրգանական ածխածնի քանակը :
10. էկոհամակարգերի և տրամադրվող էկոհամակարգային ծառայությունների վրա կլիմայի փոփոխության և անապատացման (հատկապես` լեռնահանքային արդյունաբերությամբ պայմանավորված հողերի դեգրադացման) հնարավոր ազդեցության բացահայտում և դրա հետևանքների մեղմացմանն ուղղված գործողությունների  ծրագրի մշակում և իրականացում:
Բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացում
11. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը Ազգային Ժաղովի կողմից ընդունում:
12. ՀՀ բնապահպանության նախարարությունում ԲՀՊՏ-ների կառավարմանն աջակցող խորհրդի ստեղծում:
13. Համայնքային կառավարմամբ ԲՀՊՏ-ների ստեղծման փորձնական ծրագրերի մշակում և իրականացում:
14.Հայաստանում Ազգային էկոլոգիական ցանցի ստեղծման գործողությունների ծրագրի մշակում՝ էկոլոգիական միջանցքների, կենսոլորտային պահպանավայրերի առանձնացման և Եվրոպական Էկոլոգիական ցանցին միացման համար նախադրյալների ստեղծման առումով:
15. Նոր հատուկ պահպանվող տարածքների հիմնում («Ջերմուկ» ազգային պարկ, «Գնիշիկ»  և «Իջևանի անտառային» արգելավայրեր, «Լոռու լճեր» պահպանվող լանդշաֆտ), դրանց ֆինանսական, տեխնիկական, մարդկային հզորությունների ապահովում: