enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Մենք փոխհատուցելու բան ունենք անտառին

debtԹեպետ անտառային տնտեսության կառավարման համակարգում անցած շրջանում որոշակի փոփոխություններ իրականացվեցին, այնուհանդերձ հարկ է ասել, որ տարիներ անց էլ անտառի հանդեպ մարդկանց սպառողական վերաբերմունքը գրեթե նույնն է մնացել:

ՄԱԿ-ի որոշմամբ 2011-ը հայտարարված է անտառների պահպանության տարի: Հունվարի 24-ից արդեն իսկ սկսված անտառների պահպանության տարին նպատակ ունի համախմբել մարդկանց կողմից անտառների կայուն կառավարման գործընթացները:

Հետաքրքիր է, «Հայանտառը» ի՞նչ պաշարով է դիմավորում 2011 թվականը: Պաշար ասելով, բնականաբար, նկատի ունենք ե՛ւ ապօրինի ծառահատումները, ե՛ւ անտառվերականգնման ու անտառպահպանության ծրագրերը:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ ՌՈՒԲԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ներկայացմամբ, այսօր Համաշխարհային բանկը անտառային ոլորտի հետ կապված ուսումնասիրություն է իրականացնում. «Վերջին անգամ Հայաստանի անտառների վերաբերյալ նման ուսումնասիրություն Համաշխարհային բանկը կատարել է 2003-ին: Ըստ այդմ, այն ժամանակ, պարզվել է, որ Հայաստանում մոտ 1 միլիոն խմ բնափայտ էր օգտագործվում (ոչ թե ապօրինի հատվում), որից 100 հազար խմ-ն էր օրինական: Նոր ուսումնասիրության տվյալները եւս շուտով կունենանք եւ հնարավորություն կլինի հատարել համեմատություն:

Ակնհայտ է, որ այսօր միտումները պայմանավորված են գազի թանկացմամբ: Այսինքն՝ գազի թանկացմանը զուգահեռ մեզանում ավելանում է փայտի օգտագործումը: «Իհարկե, փայտի օգտագործումը միայն գազի թանկացմամբ չի բացատրվում, այլ նաեւ ժողովրդի սոցիալական վատ վիճակով: Մարդկանց զգալի հատված ի վիճակի չէ վճարելու»:

Հատկապես տարեվերջին ապօրինի հատումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր եղան: Ի՞նչ են վկայում «Հայանտառի» պաշտոնական տվյալները: Ըստ Ռ.Պետրոսյանի. «2010 թվականին ապօրինի հատված 2310 ծառ է արձանագրվել: Ասեմ, որ արձանագրված ապօրինի հատումների վիճակագրական տվյալները անտառի վիճակի բարելավման օգտին են: Տեսեք. եթե 1994-ին, այսինքն՝ էներգետիկ ճգնաժամի շրջանում, «Հայանտառում» արձանագրվում էր մոտ 454 հազար ապօրինի ծառահատում, 2004-ին` մոտ 32,7 հազ. հատ, ապա  2008-10 թվականներին այդ թվերը գտնվում են 2080-2310-ի սահմաններում»:

Ինչ վերաբերում է ահազանգերին եւ լրատվամիջոցների անդրադարձին, ապա «Հայանտառի» պատասխանատուները դեռ ավելի վաղուց էին հայտարարում, որ դրանք իրենց շահերից են բխում: Մանավանդ կազմակերպությունը ՀԲ աջակցությամբ FLEG-ի շրջանակում իրականացնում է անտառային օրենսդրության կիրարկման եւ ապօրինի անտառահատման դեմ պայքարի ծրագիր:

Ռ.Պետրոսյանը անդրադառնում է նաեւ 2010թ. անտառվերականգնման եւ անտառպահպանության ծրագրերին, որոնք փաստում են նաեւ տարբեր միջազգային ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքի մասին. «2010-ին տարբեր ծրագրերի հաշվին 150 հա տարածքում անտառապատման աշխատանքներ են իրականացվել «Հայանտառի» մասնաճյուղ Գուգարքի, Գյումրիի, Սյունիքի եւ Կապանի անտառտնտեսություններում: Մեկ այլ ծրագրային համագործակցությամբ (FAO-ի աջակցությամբ) Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացվում է ժամանակակից տնկարանային տնտեսության հիմնում»:

«Մենք փոխհատուցելու բան ունենք անտառին, 20 տարի` հատկապես առաջին տասնամյակում անտառը մեզ փրկեց. հիմա հերթը մերն է: Անտառը լուրջ ներդրումների կարիք ունի` ֆինանսական, տեխնիկական… եթե չկատարենք, էլ երկրորդ անգամ չի փրկի», – համոզված է Ռ.Պետրոսյանը:

 

Լուսինե Հովհաննիսյան
«Հայոց աշխարհ», http://www.armtown.com/news/am/has/20110129/4032124582/
29 հունվարի, 2011թ.

This post is also available in: English