Պատմական ակնարկ

Անտառային տնտեսության գլխավոր վարչությունը կազմավորվելով 1953 թվականին, 1957թ-ին միավորվում է անտառային արդյունաբերության նախարարության հետ:

Հայաստանի ՍՍՀ-ի Գերագույն Խորհրդի 1966թ-ի մարտի 24-ի որոշման հիման վրա, 1966թ. հունիսի 21-ի հրամանով Անտառային տնտեսության գլխավոր վարչության բազայի վրա ստեղծվեց Անտառային Տնտեսության Պետական Կոմիտե, որը ենթարկվում էր Մոսկվայում գտնվող ԽՍՀՄ Պետական Անտառային Կոմիտեին, ինչպես նաև ՀՍՍՀ Նախարարների Խորհրդին:

slide1

  • Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեի կենտրոնական ապարատը գտնվում էր Երևան քաղաքում:
  • Պետական Կոմիտեն ուներ հետևյալ կառուցվածքը.
  • Ղեկավարություն
  • Անտառօգտագործման, պահպանության և պաշտպանության վարչություն
  • Անտառմշակույթների և անտառմելիորացիայի վարչություն
  • Պտուղ-բանջարանոցային բաժին
  • Որսորդական տնտեսության բաժին
  • նյութատեխնիկական մատակարարման բաժին
  • Կապիտալ շինարարության բաժին
  • Կադրերի բաժին
  • Հաշվապահություն
  • Տեխնիկական անվտանգության տեսուչ

ՀՀ Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեի կենտրոնական ապարատի պաշտոնատար անձինք և մասնագետները միևնույն ժամանակ հանդիսանում էին Պետական անտառային պահպանության ծառայության աշխատակիցներ և ունեին համապատասխան կոչումներ, իրավունքներ և պարտականություններ:

ՀՀ Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեի կառուցվածքում գործում  էին շուրջ 40 ենթակա տարածքային ստորաբաժանումներ` անտառտնտեսություններ և պետական արգելոցներ /3 պետարգելոց/,  որոնք իրականացնում էին անտառտնտեսական  բոլոր աշխատանքները, վարում էին անտառային տնտեսությունը  ՀՀ շրջաններում, անտառային ֆոնդի ամբողջ տարածքում:

Անտառտնտեսությունների կազմավորումը, լուծարումը, ինչպես նաև դրանց տնօրենների, տնօրենների տեղակալների, գլխավոր անտառապետերի և գլխավոր հաշվապահների նշանակումը, աշխատանքից ազատումը իրականացվում էր ՀՀ Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեի գլխավոր տնօրենի հրամանով: Անտառտնտեսությունների այլ պաշտոնների նշանակվում  էին անտառտնտեսություների տնօրենների հրամաններով:

Անտառտնտեսությունների կառուցվածքում նախատեսված էին հետևյալ պաշտոնները`

  • անտառտնտեսության տնօրեն,
  • տնօրենի տեղակալ պահպանության գծով,
  • գլխավոր անտառապետ,
  • գլխավոր հաշվապահ,
  • անտառապետեր,
  • պահեստապետ,
  • անտառպահպանության ինժեներ,
  • անտառպաշտպանության ինժեներ,
  • անտառմշակույթների ինժեներ,
  • տնկարանային և սերմնային տնտեսության ինժեներ,
  • անտառապահներ,
  • բանվորներ

ՀՀ Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեի կառուցվածքում գործում էին    նաև մի շարք մասնագիտացված ձեռնարկություններ, որոնք կոչված էին լուծելու նեղ մասնագիտական խնդիրներ:

Գիտահետազոտական անտառփորձարարական կայան /ԳԻՏԱՓԿ/`
իրականացնում էր գիտահետազոտական, գիտափորձարարական աշխատանքներ, անտառագիտության առաջավոր փորձի տեղայնացման և  արտադրության մեջ  ներդրման աշխատանքներ: ԳԻՏԱՓԿ-ը համագործակցում էր ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի անտառագիտական բաժնի, ինչպես նաև ԽՍՀՄ այլ անտառագիտական ինստիտուտների և կենրոնների հետ:

Անտառսերմնային կայան`  իրականացնում էր սերմերի որակի ստուգում, կարգերի որոշում և անձնագրավորում: Բոլոր անտառտնտեսությունները պարտադիր կարգով ներկայացնում էին անտառսերմնային կայան մթերված սերմերի նմուշները` ստուգման, կարգերի որոշման և անձնագրավորման:

Անտառմելիորատիվ կայան` իրականացնում էր անտառմելիորատիվ միջոցառումներ անտառապատման և անտառվերականգման համար նախապատրաստվող տարածքներում:

Անտառպաշտպանական կայան`  իրականացնում էր անտառպաթոլոգիական ուսումնասիրություններ, անտառների վնասատուների և հիվանդությունների ախտորոշում, վնասակարության կանխատեսումներ, վնասակարության կանխարգելման միջոցառումների   նախագծում և կենտրոնացված   կարգով իրականացնում այդ միջոցառումները: Անտառպաշտպանական կայանի մասնագետները համագործակցում էին Գյուղատնտեսության նախարարության բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտի անտառների պաշտպանության լաբորատորիայի մասնագետների հետ, համատեղ իրականացնում էին գիտահետազոտական աշխատանքներ, վնասակար օրգանիզմների զանգվածային բազմացումների և վնասակարության կանխատեսումներ, վնասակարության կանխարգելման համալիր միջոցառումների մշակում:

Եղվարդի պետտնկարան` կենտրոնացված կարգով իրականացնում էր տնկանյութի աճեցում և  տնկանյութով ապահովում էր ցածրադիր գոտում գտնվող անտառտնտեսությունները Հայաստանի Հանրապետությունում անտառշինական աշխատանքները և անտառշինական նախագծերի մշակումը կենտրոնացված կարգով իրականացնում էին Անտառի Անդրկովկասյան Գիտահետազոտական ինստիտուտի  /գտնվում է Վրաստանում/  կազմում գործող մասնագիտացված անտառշինական ջոկատները:

Յուրաքանչյուր անտառտնտեսության անտառային ֆոնդի տարածքում  առնվազն 10 տարին մեկ անգամ իրականացվում էրն անտառշինական աշխատանքներ և անտառշինական նախագծերի մշակում, իսկ 5 տարին մեկ` անտառային ֆոնդի հաշվառում:

Վերոհիշյալ անտառկառավարման համակարգը պարունակում էր բոլոր անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառույցները, մասնագետների հաստիքները` ԽՍՀՄ ամբողջ անտառային ֆոնդի  տարածքում արդյունավետ կենտրոնացված կառավարում իրականացնելու համար:  Նշված համակարգի գլխավոր թերությունն այն էր,  որ վերջինս  չէր նախատեսում կոլխոզային և սովխոզային անտառների արդյունավետ կառավարումը, այն կոչված էր բացառապես պետական սեփականություն հանդիսացող անտառների կառավարման համար: Բացակայում էին կոլխոզային և սովխոզային անտառների կառավարման, անտառային տնտեսության վարման, պահպանության, պաշտպանության, պետական վերահսկողության և ֆինանսավորման հստակեցված մեխանիզմները: ՈՒ թեպետ անտառշինական աշխատանքները լիարժեք իրականացվում էին,  անտառշինական նախագծերը լիարժեք մշակվում էին, սակայն դրանց իրականացումը լիարժեք չէր կարող կատարվել կառավարման համակարգի անկատարության և մասնագետների պակասի հետևանքով: Դրանով է բացատրվում այդ անտառների  տարեցտարի վատթարացող վիճակը: Ցածր մակարդակի վրա էր գտնվում անտառային տնտեսության վարումը,  խնամքի և վերականգնման միջոցառումները նախատեսված ծավալներով գրեթե չէին իրականացվում:

ՍՍՀ նախարարների խորհրդի 1988 թվականի հունիսի 24-ի թիվ 362 որոշման համաձայն Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեն դառնում է <<Հայանտառ>> Անտառտնտեսական արտադրական միավորում:

ՀՀ նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 24-ի թիվ բ 421 որոշմամբ  կոլխոզային և սովխոզային շուրջ 54 664 հա անտառները հանձնվեցին  <<Հայանտառ>> անտառտնտեսական արտադրական միավորման տնօրինությանը:

Շրջանների անվանումը Տարածքը, հա
Արարատի 194
Արտաշատի 27
Աշտարակի 51
Վայքի 360
Գորիսի 2285
Գուգարքի 769
Եղեգնաձորի 962
Իջևանի 7185
Կապանի 20881
Կրասնոսելսկի 226
Կոտայքի 20
Մեղրիի 4634
Նաիրիի 113
Նոյեմբերյանի 2150
Հրազդանի 1749
Սիսիանի 564
Ստեփանավանի 544
Թումանյանի 5781
Տավուշի 5959

ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի Հանրապետության /1991 թ/ անկախացումից հետո <<Հայանտառ>> անտառտնտեսական արտադրական միավորումը  որոշ ժամանակ /մինչև 1992 թ փետրվար ամիսը/ շարունակում էր գործել նույն կարգավիճակով և կառուցվածքով, սակայն անմիջականորեն ենթարկվում էր Հայաստանի Հանրապետության Նախարարների Խորհրդին և ամբողջությամբ ֆինանսավորվում Հայաստանի Հանրապետության  բյուջեից:

slide2

1992 թվականի հունվար ամսից <<ՀԱՅԱՆՏԱՌ>> անտառտնտեսական արտադրական միավորումը ՀՀ վարչապետի հրամանով ընդգրկվեց ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության կազմում որպես <<Հայանտառ>> անտառտնտեսական արտադրական միավորում:

slide3

Նշված ժամանակաշրջանում հայտնի պատճառներով Հայաստանի Հանրապետությունը գտնվում էր տնտեսական և էներգետիկ  ճգնաժամում և անհնար էր նույն մակարդակով ֆինանսավորել անտառային ոլորտը: Բնականաբար ֆինանսավորման նվազեցման հետ մեկտեղ կրճատվում էին նաև ինստիտուցիոնալ կառույցները և մի շարք պաշտոնների հաստիքները:

20-րդ դարի  90-ական թվականներին լուծարվեցին անտառմելիորատիվ կայանը, անտառսերմնային կայանը, անտառպաշտպանական կայանը, գիտահետազոտական անտառփորձկայանը: Միացվեցին մի շարք անտառտնտեսություններ և դրանց ընդհանուր թիվը  40-ից նվազեց մինչև 30: Անտառային տնտեսությունը, ինչպես  հանրապետության այլ բնագավառները, գտնվում էր խորը ճգնաժամի մեջ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 29-ի թիվ 108 որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության <<Հայանտառ>> անտառտնտեսական արտադրական միավորումը հանձնվեց  ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարության ենթակայությանը և վերակազմավորվեց որպես Հայաստանի անտառային ազգային ծառայութուն` <<Հայանտառ>> պետական ձեռնարկություն:

ՀՀ կառավարության 1997 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 538 որոշմամբ  ՀՀ բնապահպանության նախարարի 1998 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 123 հրամանով <<Հայանտառ>> պետական ձեռնարկությունը վերակազմավորվեց որպես <<Հայանտառ>> ՊՓԲԸ (պետական փակ բաժնետիրական ընկերություն), իսկ <<Հայանտառ>> պետական ձեռնարկության անտառային տնտեսություն վարող դուստր ձեռնարկություններից առանձնացվեցին արտադրամասերը և դրանք վերակազմավորվեցին որպես <<Հայանտառ>> ՊՓԲԸ-ի դուստր ընկերություններ:

slide4

Նման վերակազմավորումը դարձրեց <<Հայանտառ>>ը շահույթ հետապնդող կազմակերպություն: Բացի այդ պետական կառավարման և պետական վերահսկողության գործառույթները վերապահվեցին մեկ մարմնի` ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարությանը:

Տվյալ կարգավիճակը և նվազագույնի հասցրած ֆինանսավորումը չնպաստեցին անտառային սեկտորի բարելավմանը: Տեղի ունեցավ ճիշտ հակառակը` ավելացան ապօրինի հատումները, նվազագույնի հասցվեցին նախատեսված անտառտնտեսական միջոցառումների ծավալները, հատկապես անտառվերականգնումը, անտառապատումը, անտառպաշտպանությունը և այլ կարևորագույն աշխատանքները:

1997-1998թթ. ՙ<<Հայանտառ՚>> ՊՓԲԸ ենթակայությունից դուրս բերվեցին  պետարգելոցները, Եղվարդի պետտնկարանը և դենդրոպարկերը հանձնվեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարության  անմիջական ենթակայությանը:  Տեղի ունեցան անտառկարավարման համակարգի և ինստիտուցիոնալ կառույցների զգալի փոփոխություններ:

ՀՀ Կառավարության 2004 թվականի  հունվարի 15-ի թիվ 7-Ն որոշման համաձայն <<Հայանտառ>> կրկին հանձնվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայությանը:

Այսպիսով մասամբ տարանջատվեցին  անտառների կառավարման և պետական վերահսկողության գործառույթները, որոնք մինչ այդ ամբողջությամբ իրականացվում էին միևնույն մարմնի` ՀՀ բնապահպանության նախարարության  կողմից, սակայն անտառային ֆոնդի զգալի մասը շարունակում է  տնօրինվել բնապահպանության նախարարության կողմից:

ՀՀ Կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի  թիվ 1054 – Ն որոշմամբ ստեղծվեց «Հայանտառ» ՊՈԱԿ /պետական ոչ առևտրային կազմակերպություն/, որը պետական գրանցում ստացավ 2005 թվականի հունիսին: ՀՀ գյուղատնտեսության նախարարի հուլիսի 19 թիվ 116-Ա հրամանի հիման վրա 2005 թվականի հոկտեմբերի 1-ից կազմավորվեցին 22 մասնաճյուղեր:

Ներկայումս «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ունի 19 մասնաճյուղեր, այդ թվում` Լոռու մարզում` 7, Տավուշի մարզում` 4, Սյունիքի մարզում` 3 և մեկական մասնաճյուղեր Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում:

This post is also available in: English