enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՍՂՈՑԸ ՁԵՌՔԻՆ` ԴԵՊԻ ԱՆՏԱՌ

Իրատեսական կանխատեսում

to-forest«Սյունիքի մարզի համայնքների  մեծ մասը` շուրջ 79 համայնք գազաֆիկացված չեն; Ձմեռն անցկացնելու համար ութ տասնյակի հասնող  համայնքների տնտեսություններին համեմատաբար էժան գներով վառելափայտ ձեռք բերելու հարցում  օժանդակելու նպատակով  խնդրում ենք ձեր աջակցությունը Սյունիքի մարզում գործող անտառտնտեսությունների միջոցով այդ համայնքների բնակչությանը էժան վառելափայտ /1մխորանարդը 2000 դրամ/ վաճառելու հնարավորություն ստեղծելու համար»:

Այս դիմումի կամ գրության հեղինակը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է, իսկ հասցեատերը Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:  Հարց է ծագում` մարզպետը ինչու պիտի նման դիմում գրի` հատ-հատ թվարկելով բոլոր 79 համայնքների անունները: Մանավանդ, այս օրերին, երբ մամուլը հեղեղված է անտառահատումների վերաբերյալ հրապարակումներով:  Բայց ըստ էության,  այդ հրապարակումները որքանով են հետաքրքրում ձմռան շեմին գտնվող , անհամար պրոբլեմներ ունեցող գյուղացուն, երբ վերջինիս  առջև շուտով առավել ուժգին ծառանալու է   իր ամենօրյա կենցաղային հոգսերը հոգալու հարցը `  անձնական հիգիենայի ապահովումից և տունը տաքացնելուց սկսած կերակուր պատրաստելով ու լվացք անելով ավարտած:  Ընդ որում, սա բոլոր գյուղացիներին է վերաբերում, անկախ նրանից  գազաֆիկացված համայնքում են ապրում, թե ընդհանրապես գազ չունեն: Սա շեշտում ենք, որովհետև մենք այսօր գազաֆիկացված գյուղերում ունենք մեկ տարում ընդամենը 1200 -1500 դրամի գազ օգտագործող ընտանիքներ: Իսկ սա նշանակում է, որ գյուղացին իր խնդիրները լուծելու այլ եղանակ ունի: Բնականաբար, այդ եղանակը էլեկտրականությունը չի և ոչ էլ արեգակի ջերմությունը. սոցիալական ծանր վիճակում գտնվող  գյուղացին դարձյալ ու կրկին հույսն անտառի վրա է դրել և  դնելու` թքած ունենալով մամուլի հրապարակումների վրա էլ,  զանազան միջազգային ու տեղական բնապահպան կազմակերպությունների զանգերի և ահազանգերի,  մոնիտորինգների և ուսումնասիրությունների վրա էլ :  Իսկ եթե այս ամենը  դիտարկենք  այս տարվա տհաճ անակնկալի` գազի թանկացման համատեքստում,  պիտի որ առավել տխուր հեռանկար կանխատեսենք: Արդեն իսկ Սյունիքի մարզպետի օրինակը աննախադեպ չի, Տավուշի մարզից  էլ նման մի դիմում ստացվել է: Այնպես որ,  այս հարցը ավելի բարձր ատյաններում և համակարգված լուծման կարոտ հարց է:  ՈՒստի  Սյունիքի մարզպետին  խորհուրդ կտայինք իր դիմումն ուղղել հանրապետության վարչապետին` «Ձմեռ-2010» ծրագրի շրջանակում: Եթե իհարկե,  հայրենի կառավարությունը այս տարի  նման ծրագիր ընդհանրապես ունի և  Հայաստանի անտառների մասին լրջորեն մտահոգված է:

Պարզից էլ պարզ  չէ±, որ հակառակ պարագայում գյուղացին իր  իսկ «Ձմեռ-2010» ծրագրին պիտի ապավինի: Իսկ այդ ծրագիրը մի ճանապարհ կունենա` սղոցը ձեռքին դեպի անտառ:

ՌՈՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Հայոց Աշխարհ  01.10 2010թ.

This post is also available in: English