enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

hayfor

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից Նորքի անտառային տարածքներում ծառատունկի իրականացում

groupՍույն թվականի ապրիլի 11-ին, համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի շրջանակներում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից Նորքի անտառային հողերում տնկվեցին շուրջ 300 տարբեր տեսակի ծառեր (կաղնի, հացենի, տանձենի, խնձորենի, ընկուզենի և այլ ծառատեսակներ): Ծառատնկման աշխատանքներն անցկացվեցին մեծ խանդավառությամբ:

«Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում հսկողության ուժեղացման վերաբերյալ

2014թ. նոյեմբերի 13-ին «Համահայկական Բնապահպանական Ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության թիվ 1 պահաբաժնում (քառակուսի 5, տեղամաս 1) հայտնաբերված ապօրինի հատված ծառերի վերաբերյալ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող N38160714 քրեական գործով միջնորդագրի հիման վրա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով փոխտնօրեն Արթուր Գաբրիելյանի և Իջևանի անտառպետության անտառապետ Գեղամ Ալավերդյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, իսկ Իջևանի անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառապահ Ալբերտ Զիլաբյանը ազատվել է աշխատանքից:

Ներկայումս վերը նշված տարածք տանող ճանապարհի սկզբնամասում «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից տեղադրվել է արգելափակոց և ուժեղացվել է հսկողությունը:

Միաժամանակ, անտառտնտեսության աշխատակիցներին հանձնարարվել է համապատասխան միջոցներ ձեռնարկել նմանատիպ խախտումներն ու թերությունները բացառելու, իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև հանցագործությունների կատարմանը նպաստող այլ հանգամանքները վերացնելու ուղղությամբ:

«Հետ-Ռիո+20» համաշխարհային գործընթաց

Հարգելի կայքի այցելուներ

Տեղեկացվում է, որ  Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի  «Հետ-Ռիո+20» համաշխարհային գործընթացի աշխատանքները կանոնակարգելու նպատակով  ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի  անդրանիկ նիստը գումարվել է 2014 թվականի փետրվարի 7-ին:
Հանձնաժողովի կազմում ստեղծվել են 11 ենթահանձնաժողովներ, որոնց հիմնական ուղղությունները հետևյալն են.
1. Ընդերքօգտագործումը և շրջակա միջավայրը:
2. Այլընտրանքային էներգետիկայի զարգացում և էներգախնայողություն:
3. Ջրային ռեսուրսների կայուն կառավարում:
4. Թափոնների կայուն կառավարում:
5. Օրգանական գյուղատնտեսության զարգացում:
6. Կայուն տուրիզմի զարգացում:
7. Կայուն քաղաքներ/ կանաչ ճարտարապետության զարգացում:
8. Անտառների կայուն կառավարում, կենսաբազմազանության պահպանում:
9. ՄԱԿ-ի “Կրթություն հանուն կայուն զարգացման” տասնամյակի իրականացում:
10. Հազարամյակի զարգացման նպատակների վերափոխումը կայուն զարգացման նպատակների: Կայուն զարգացման ցուցանիշները և համաթիվը:
11. “Կանաչ էկոնոմիկայի” իրավական և տնտեսական մեխանիզմների զարգացում:
Ներկայացվում է «Հետ-Ռիո+20» համաշխարհային գործընթացի աշխատանքները կանոնակարգող միջգերատեսչական հանձնաժողովի «Անտառների կայուն կառավարում, կենսաբազմազանության պահպանում» ենթահանձնաժողովի առաջարկությունների նախնական տարբերակը:
Խնդրում ենք Ձեր առաջարկությունները ուղարկել ենթահանձնաժողովի համանախագահ Ռուբեն Պետրոսյանին հետևյալ էլեկտրոնային հասցեով.ruben.armforest@gmail.com

Կանխավ շնորհակալություն

«Հետ-Ռիո+20» համաշխարհային գործընթացի աշխատանքները կանոնակարգող միջգերատեսչական հանձնաժողովի «Անտառների կայուն կառավարում, կենսաբազմազանության պահպանում» ենթահանձնաժողովի նախնական առաջարկություններ

Անտառը բնական էկոհամակարգի բաղադրամաս է ու այն պետք է դիտարկել որպես այն կազմող բոլոր բիոտիկ և աբիոտիկ բաղադրիչների ամբողջականություն, այսինքն  որպես անտառային էկոհամակարգ: Բնական ռեսուրսը բնական էկոհամակարգի այն մասն է, որը կարող է օգտագործվել մարդու կարիքների համար:
Բնօգտագործման, այդ թվում` անտառօգտագործման Էկոհամակարգային մոտեցումը պահանջում է օգտվել այդ էկոհամակարգից այնպիսի չափավորված քանակներով, որը չի գերազանցի էկոհամակարգի ինքնավերականգման ունակության աստիճանը:

Ներկա վիճակը
Համաձայն 2011 թվականին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից հեռահար զոնդավորման մեթոդով ստացված տվյալների, Հայաստանի Հանրապետության անտառածածկի մակերեսը կազմում է 332.333 հա կամ ՀՀ ընդհանուր տարածքի մոտ 11.17%-ը:
Հայաստանի անտառների 75%-ը կառավարվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության, իսկ 25%-ը (բնության հատուկ պահպանվող տարածքներ)՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:
Վերջին տարիներին ավելացել են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների ծավալները, որոնք 10 տարիների ընթացքում  իրականացվել են 32100 հա տարածքում:
2003-2013թթ. ընթացքում անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ իրականացվել են ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքներ 76786 հա տարածքում:
Նվազել են ապօրինի հատումների ծավալները, եթե 2003 թվականին արձանագրվել է ապօրինի հատված 42236 ծառ, ապա 2013 թվականին` ապօրինի հատված 928 ծառ:
Ավելացել են անտառային հրդեհների ծավալները: Եթե 2003 թվականին գրանցվել են հրդեհներ 3,92 հա անտառային հողերում, ապա 2013թ. անտառային հրդեհներ գրանցվել են 91,575 հա անտառային հողերում:
Կապված համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ վերջին տարիներին նվազել է նաև պետական բյուջեից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը: Եթե 2008-2009թթ. պետական բյուջեից ֆինանսավորում կազմել է 1,3 մլրդ դրամ, ապա 2013թթ. այն կազմել է 734 մլն. դրամ:

Առաջարկություններ
1.Իրականացնել դեգրադացված անտառների վերականգնման և անտառապատ տարածքների ավելացմանն ուղղված աշխատանքներ:
Օպտիմալ անտառապատվածության հասնելու նպատակով մշակել կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ ծրագրեր ու գործողությունների պլան` իր ժամկետներով, այն դարձնել հիմք REDD+-ի ու NAMA-ի շրջանակում անտառապատման նախագծեր իրականացնելու համար:
Անտառային ռեսուրսների օգտագործման դիմաց ստացվող բնավճարներն ուղղել ստեղծվելիք քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ (ՀՀ կառավարության 2013թ. ապրիլի 25-ի և 2013թ. նոյեմբերի 14-ի նիստերի արձանագրային որոշումներով տրված հանձնարարականներ՝ բնավճարների միջոցներից քաղաքացիական ներդրումային շրջանառու հիմնադրամներ ձևավորելու վերաբերյալ): Այդ ֆինանսական միջոցներն օգտագործել որպես համաֆինանսավորման բաղադրիչ տեղական ու միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող անտառային տնտեսության զարգացման անտառապատման ու անտառվերականգնման ծրագրերում:
Անտառների վերականգնումը և անտառապատ տարածքների ավելացումը կբարելավի հանրապետությունում էկոլոգիական վիճակը, կկանխի հողատարման և այլ անցանկալի երևույթների զարգացումը, կնպաստի ռեկրեացիոն գոտիների ավելացմանը, կավելացնի բնակչության մեկ շնչին ընկնող կարանչ զանգվածը և այլն:
2. Զարգացնել տնկարանային տնտեսությունները`անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների ծավալներն ընդլայնելու, պաշտպանական, հակաէրոզիոն անտառաշերտեր ստեղծելու, կատարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով :
Օրինակ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում կառուցվել է փակ արմատային համակարգով տնկանյութի աճեցման ժամանակակից տնկարան, որտեղ աճեցվում է անտառային ծառատեսակների (սոճի, հացենի, թխկի և այլն) տնկանյութ:
3. Իրականացնել անտառների պետական հաշվառում և կադաստրի վարում:
Անտառների պետական հաշվառման բացակայությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում անտառային ոլորտի հեռանկարային զարգացման, ինչպես նաև Հայսատանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման համար:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի 2011 թվականի օգոստոսի 3-ի N23 հրամանով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքում ստեղծվել է Անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժին, սակայն անտառային պետական կադաստրի վարման համակարգը դեռևս ներդրված չէ, իսկ անտառների պետական հաշվառումը, որը համաձայն ՀՀ Անտառային օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի իրականացվում է 5 տարին մեկ անգամ, վերջին անգամ իրականացվել է 1993 թվականին:
4. Ավարտին հասցնել անտառկառավարման պլանների մշակման աշխատանքները:
5. Իրականացնել անտառային համակարգի տեխնիկական վերազինում` մասնավորապես տրամադրել համազգեստ, զենք, տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև բարձրացնել անտառպահպանության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը:
6. Նախաձեռնել ու կազմակերպել տարածաշրջանային ներառյալ անդրսահմանային համագործակցություն` անտառների հիվանդությունների,  վնասատուների ու  հրդեհների դեմ համատեղ պայքար իրականացնելու համար:
7. Բարելավել անտառային ոլորտի օրենսդրական դաշտը
Անտառային ոլորտի բարելավման նպատակով ՀՀ կառավարության 2004թ. սեպտեմբերի 30-ի թիվ 38 արձանագրային որոշմամբ հաստատվել են Ապօրինի անտառհատումների հետ կապված խնդիրների լուծմանն աջակցող միջոցառումների գործողությունների ծրագիրը և Հայաստանի Հանրապետության անտառի ազգային քաղաքականությունը և ռազմավարությունը, ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 21-ի 1232-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության անտառի ազգային ծրագիրը: Վերը նշված փաստաթղթերի ընդունման հիմնական նպատակն է ապօրինի հատումների նվազեցումը, անտառային էկոհամակարգերի պահպանությունը, դեգրադացված անտառային էկոհամակարգերի վերականգնումը, անտառային պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործումը և անտառների կայուն կառավարման ռազմավարության ապահովումը:
Հայաստանի Հանրապետության անտառի ազգային ծրագրի պահանջներից ելնելով` 2005 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության անտառային նոր օրենսգիրքը, իսկ հետագայում հաստատվել են դրանից բխող մի շարք ենթաօրենսդրական ակտեր:
Ապօրինի հատումների ծավալները նվազեցնելու նպատակով ընդունվել են մի շարք ենթաօրենսդրական ակտեր, այդ թվում
ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի մայիսի 6-ի N80-Ն հրամանով հաստատվել է Պետական և համայնքային անտառներում բնափայտի մթերման կարգը, որով հստակեցվում է շինափայտի որակական հատկանիշները, մթերման, հաշվառման և իրացման հստակ մեխանիզմները:
ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության անտառամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքների կողմից ոչ արտադրական (ոչ արդյունագործական) նպատակով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման համար բնօգտագործման վճարի գծով արտոնություն սահմանելու մասին» N1535-Ն որոշումը, համաձայն որի անտառամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքներին թույլատրվում է սեփական միջոցներով մթերել և անտառային տնտեսություն վարող տարածքային կազմակերպություններից անվճար ձեռք բերել մինչև 8 խմ թափուկ վառելափայտ:
ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի N1157-Ն որոշմամբ լրացումներ է կատարվել ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N902-Ն որոշման մեջ, համաձայն որի արգելվել է Հայաստանի Հանրապետությունից անմշակ գերանի արտահանումը:
ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1347-Ն որոշումով փոփոխություններ և լրացումներ է կատարվել ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգը սահմանելու մասին» N1045-Ն որոշման մեջ, համաձայն որի պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքների, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման և այլ աշխատանքների իրականացման ժամանակ անտառօգտագործողը պարտավորվում է օգտագործման տրամադրվող անտառային տարածքի առնվազն կրկնապատիկի չափով իրականացնել անտառապատման աշխատանքներ:
8. Ավելացնել պետական բյուջեից անտառային ոլորտի ֆինանսավորումը, ինչպես նաև այլ դրամական մուտքերը:
Վերջին տարիներին անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների մեծ մասն իրականացվել է հիմնականում տեղական ու միջազգային ծրագրերի ֆինանսավորմամբ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական եկամուտների հաշվին:
Անտառային (բնափայտային և ոչ բնափայտային) պաշարների կայուն օգտագործման կազմակերպումը կարող է հանդիսանալ լրացուցիչ եկամուտների աղբյուր, միևնույն ժամանակ նպաստավոր պայմաններ ստեղծելով հարակից համայնքների բնակչության զբաղվածության ավելացման և կենսամակարդակի բարձրացման գործում:
9. Անտառային ոլորտի վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացում
Լայն ու հետևողական իրազեկության կամպանիա ծավալել բնակչության շրջանում, միատեղելով այն վերջիններիս գործնական մասնակցությամբ:
Ապօրինի հատումները, անտառային հրդեհները նվազեցնելու, անտառների վիճակը բարելավելու նպատակով անհրաժեշտ է անտառային ոլորտում բարձրացնել հասարակության իրազեկությունը:
10. Իրականացնել անտառային ոլորտի աշխատողների վերապատրաստում, խթանել երիտասարդ մասնագետների պատրաստման գործընթացին:
Անտառային ոլորտի աշխատակիցների մասնագիտական հմտությունները բարձրացնելու, իրականացվող աշխատանքների որակը բարելավելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել անտառային աշխատողների վերապատրաստում:
11. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող արգելավայրերի սահմանազատում, դրանց համար կառավարման պլանների մշակում:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող անտառային հողերում առկա են թվով 13 արգելավայրեր, որոնցում ներկայումս անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշգրտում և կառավարման պլանների մշակում:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում գտնվող Արզական Մեղրաձոր արգելավայրում արդեն իսկ իրականացվել են քարտեզագրման և սահմանների ճշգրտման աշխատանքներ, 2014 թվականին նախատեսվում է իրականացնել կառավարման պլանների մշակման աշխատանքներ: Նմանօրինակ աշխատանքներ անհրաժեշտ է իրականացնել նաև մնացած 12 արգելավայրերում:
12. Կլիմայի փոփոխության նկատմամբ անտառների հարմարվողականության բարձրացում:
Ընդգրկել կլիմայի փոփոխությանը անտառի հարմարվողականության բաղադրիչը ՀՀ հարմարվողականության ազգային ծրագրում, որը պետք է մշակվի մինչև 2015թ-ի վերջը:
Հայաստանի տարածքում ներքին միկրոկլիմայական փոփոխությունները կարող են հանգեցնել կենսաբազմազանության առանձին բաղադրիչների արեալների կրճատմանը, տեղումների քանակի և հողի խոնավունակության նվազմանը, սերմնային անտառվերականգնման պայմանների վատթարացմանը և կիսաանապատային բուսատեսակների ներթափանցմանը: Բացի այդ, կարող է տեղի ունենալ անտառի ստորին եզրի բարձրացում և անտառի տեսակային կազմի որոշակի փոփոխություն:
Վերջին տարիներին կլիմայի փոփոխության նկատմամբ անտառների հարմարվողականության բարձրացման նպատակով իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք պետք է ունենան շարունակական բնույթ, այդ թվում՝
«Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնաանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի և Կապանի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում 2009-2012թթ. իրականացվել են անտառապատման աշխատանքներ 35 հա տարածքում: Նշված անտառտնտեսությունների համար ձեռք են բերվել հակահրդեհային սարքավորումներ, ձիեր, ամենագնա մեքենաներ և այլն:
«Կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումը Հարավային Կովկասում անտառների պահպանության, կառավարման և վերականգնման միջոցով» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում 2009-2010թթ. իրականացվել են 200 հա անտառապատման աշխատանքներ:
«Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի և Նոյեմբերյանի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում 2012-2013թթ. իրականացվել են անտառների տրանսֆորմացիայի աշխատանքներ: Նշված անտառտնտեսությունների համար ձեռք են բերվել անտառտնտեսական գործիքներ ու սարքավորումներ:

Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման հայեցակարգային մոտեցումները
Հայաստանի բնակչության բարեկեցության և սոցիալ-տնտեսական զարգացումը սերտորեն  կապված են կենսաբազմազանության պահպանության և կայուն կառավարման հետ, որը հանդիսանալով կենսունակ բնության և առողջ կյանքի դեռևս թերագնահատված երաշխիքը՝ գերակա դիրք  պետք է   գրավի երկրի մնայուն արժեքների շարքում: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել լայնածավալ գործողություններ` փոփոխելով բնության, և հատկապես կենսառեսուրսների նկատմամբ երկրում ձևավորված սպառողական  վերաբերմունքը՝ բացառելով անվերահսկելի գործընթացները, ինչպես նաև ընդլայնելով միջոլորտային համագործակցությունը: Նման գործողությունների հիմքում պետք է դրվեն հետևյալ սկզբունքները.
1.Քաղաքական որոշումների կայացման գործընթացը պետք է հիմնվի  էկոհամակարգերի և դրանց առանցքային բաղադրամաս կազմող կենսաբազմազանության իրական դերի ու արժեքների վրա:
2. Դեգրադացված էկոհամակարգերը պետք է վերականգնվեն շահավետ /քիչ ծախսատար/ միջոցներով կամ կոնսերվացվեն` բնականոն գործընթացների շնորհիվ դրանց բնական վիճակը վերականգնելու նպատակով:
3.Բնակչության կենսամակարդակի աճը պետք է ապահովվի տնտեսական գործունեության մեջ վերականգնվող բնական ռեսուրսների օգտագործման  այնպիսի մեթոդներով, որոնք  բացառում են   նրանց սպառումը  ու երաշխավորում են վերականգնումը` ի շահ ապագա սերունդների:
4. Կենսաբազմազանության հիմնախնդիրների վերաբերյալ որոշումները պետք է հիմնված լինեն լավագույն առկա գիտական տեղեկատվության վրա` օգտագործելով էկոհամակարգային մոտեցումը:
5. Անհրաժեշտ է պրակտիկորեն ամրապնդել համագործակցությունը կառավարական կառույցների, քաղաքացիների, ձեռնարկատերերի ու շահագրգիռ այլ կողմերի միջև և դրանց հետևողական  մասնակցությունը համապատասխան գործընթացներում:
6. Կենսաբազմազանության վրա վնասակար մարդածին  ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար պետք է մշակվեն և որոշումների ու ծրագրերի նախագծերի նախապատրաստման փուլում ներդրվեն միջոլորտային համագործակցության նոր արդյունավետ ձևերը:

Կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ոլորտում հրատապ լուծումներ պահանջող   հիմնախնդիրներն են`
Կենսաբազմազանության պահպանություն
1. Երկրի էկոլոգիական և սոցիալ-տնտեսական նոր պայմաններին համահունչ 2014-2020թթ համար Կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների երկրորդ ազգային ծրագրի մշակում և պաշտոնական ընդունում:
2. Կենսաբազմազանության գույքագրում, հաշվառում և կադաստրի համակարգի ստեղծում:
3. Կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի և տվյալների բազայի ստեղծում:
4. Էկոհամակարգային  ծառայություններից  ստացվող  օգուտների գնահատում /հատկապես ԲՀՊՏ-ների և անտառային համակարգերի համար/, դրանց օգտագործման թույլատրելի սահմանների և հասանելիության հիման վրա հետագա կառավարման պլանների մշակում` ծառայեցնելու համայնքային կայուն զարգացմանը,:
5.Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Նագոյայի արձանագրության միացման հնարավորությունների բացահայտում, գենետիկական ռեսուրսների մատչելիության և դրանց օգտագործումից ստացված օգուտների արդարացի բաշխման մեխանիզմների մշակում և ներդրում:
6. Կենսաբազմազանության պահպանության ոլորտում միջոլորտային համագործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծում:
7. Կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ հասարակության լայն զանգվածներում իրազեկության բարձրացում` ներառելով տեղական բնակչությանը պահպանության գործողությունների մեջ:

Կենսառեսուրսների կայուն օգտագործում
8. Առավել օգտագործվող բուսական և կենդանական տեսակների պաշարների և կայուն օգտագործման հնարավորությունների գնահատում, դրանց օգտագործման ենթակա չափաքանակների որոշում,
9. Էկոհամակարգային մոտեցմամբ անտառային ռեսուրսների որոշման մեթոդաբանության մշակում՝ հենվելով վերականգնվող կենսառեսուրների բնօգտագործման նորմավորման («պոպուլյացիոն կորի» մեթոդ), այդ թվում` անտառային էկոհամակարգում գույքագրման ու  հաշվառման մեթոդաբանության սահմանում, ներառելով անտառային էկոհամակարգի վիճակը բնութագրող չափորոշիչներ (հողում և բուսականությունում), կուտակվող ու կուտակված օրգանական ածխածնի քանակը :
10. էկոհամակարգերի և տրամադրվող էկոհամակարգային ծառայությունների վրա կլիմայի փոփոխության և անապատացման (հատկապես` լեռնահանքային արդյունաբերությամբ պայմանավորված հողերի դեգրադացման) հնարավոր ազդեցության բացահայտում և դրա հետևանքների մեղմացմանն ուղղված գործողությունների  ծրագրի մշակում և իրականացում:
Բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացում
11. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը Ազգային Ժաղովի կողմից ընդունում:
12. ՀՀ բնապահպանության նախարարությունում ԲՀՊՏ-ների կառավարմանն աջակցող խորհրդի ստեղծում:
13. Համայնքային կառավարմամբ ԲՀՊՏ-ների ստեղծման փորձնական ծրագրերի մշակում և իրականացում:
14.Հայաստանում Ազգային էկոլոգիական ցանցի ստեղծման գործողությունների ծրագրի մշակում՝ էկոլոգիական միջանցքների, կենսոլորտային պահպանավայրերի առանձնացման և Եվրոպական Էկոլոգիական ցանցին միացման համար նախադրյալների ստեղծման առումով:
15. Նոր հատուկ պահպանվող տարածքների հիմնում («Ջերմուկ» ազգային պարկ, «Գնիշիկ»  և «Իջևանի անտառային» արգելավայրեր, «Լոռու լճեր» պահպանվող լանդշաֆտ), դրանց ֆինանսական, տեխնիկական, մարդկային հզորությունների ապահովում:

Հայաստանի ազգային ծրագրի խորհդատվական հանձնաժողովի երկրորդ հանդիպմանը քննարկվել է անտառային օրենսդրության կիրարկումը և անտառային ոլորտի կառավարումը

Երևան (Հայաստան), 15-ը հունվարի, 2014թ.— Համաշխարհային Բանկի երևանյան գրասենյակում կայացավ «Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրների և Ռուսաստանի անտառային օրենսդրության կիրարկման և անտառային ոլորտի կառավարման բարելավում» (ENPI FLEG II) ծրագրի Ազգային ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի (ԱԾԽՀ) երկրորդ հանդիպումը: Հանդիպման ժամանակ իրականացնող կազմակերպությունները (ԻԿ) ներկայացրեցին Ծրագրի իրականացման առաջին տարվա համար նախատեսված իրենց միջոցառումները  և ստացան խորհրդատվություն ԱԾԽՀ անդամների կողմից ոլորտում իրականացվող այլ ծրագրերի և նախագծերի հետ համագործակցության վերաբերյալ:

Մասնակիցներին ներկայացվեցին ENPI FLEG II ղեկավար հանձնաժողովի անցած տարվա հոկտեմբերին տեղի ունեցած առաջին հանդիպման հիմնական արդյունքները, որի ժամանակ հաստատվել են մասնակից երկրներից յուրաքանչյուրի Երկրի աշխատանքային ծրագրերը (ԵԱԾ):
Հանդիպմանը ներկա գտնվողները սահմանեցին Ծրագրի 2-րդ փուլի գերակա միջոցառումներից մի քանիսը, որոնք հստակ քննարկման կարիք ունեն, քանի որ նպաստում են անտառային ոլորտի վերջին զարգացումներին՝ հիմնվելով ծրագրի իրականացման ընթացքում ԻԿ փորձի և քաղած դասերի վրա:  Քննարկված միջոցառումները կարելի է բաժանել հետևյալ հինգ թեմաների, որոնք մշակվելու են ԵՄ կողմից ֆինանսավորվող   ENPI FLEG II ծրագրի 2-րդ փուլի ընթացքում.
1. Նկատի ունենալով անտառային տնտեսության ոլորտը կարգավորող տարբեր գործող իրավաբանական  փաստաթղթերում առկա բավականին զգալի անհամապատասխանությունները կա իրավական և ինստիտուցիոնալ ուսումնասիրությունների և բարեփոխումների անհրաժեշտություն:
2. Հարկավոր է զարգացնել մարդկային ռեսուրսների կարողությունները՝  FLEG շրջանակներում վերհանած խնդիրների լուծման համար: Կա կրթության և գիտելիքների փոխանակման (անտառային տնտեսության մասնագետներ, լրագրողներ, ԲՈՒՀ-երի դասախոսներ և ուսանողներ), ինչպես նաև դասավանդողների ուսուցման (ԴՈՒ) ծրագրերի անհրաժեշտություն: Հարկավոր է ապահովել ԵՄ համապատասխան գործընթացների վերաբերյալ իրազեկում և փորձի փոխանակում թե’ երկրի ներսում ոլորտի մասնագետների,  լրագրողների, գիտնականների միջև և թե’ միջազգային մակարդակով՝ ENPI FLEG երկրների և ԵՄ անդամ-պետությունների միջև:
3. Անտառային սեկտորի վերաբերյալ հանրային իրազեկում և հանրային մշտադիտարկում:
4. Հզորացնել անտառների կենսունակ կառավարումը Հայաստանում՝ մոդելային անտառային միավորների հետ իրականացվող միջոցառումների միջոցով, ինչպիսիք են պաշտպանված անտառային տարածքները և հարակից համայնքների մասնակցությամբ անտառային ռեսուրսների կայուն օգտագործման միջոցառումները:
5. Բարելավել FLEG պլանավորումը և մշտադիտարկումն ազգային, մարզային և միջազգային մակարդակներում:
ԱԾԽՀ հանդիպման  նախագահող, «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրեն և FLEG II Հայաստանի պատասխանատու պարոն Մարտուն Մաթևոսյանն իր խոսքում նշեց, որ հատկապես կարևորվում է Ծրագրի շարունակական լինելը, ինչն ապահովում է Հայաստանում լրացուցիչ միջոցառումների իրականացում և արդյունքների կայունություն:
Հանդիպման մասնակիցների թվում էին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՀՀ բնապահպանության նախարարության,  ՀՀ գյուղատնտեսության նախարարության,  «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, հասարակական կազմակերպությունների (Թրանսփարենսի Ինթերնեյշնլ, Հայաստանի անտառներ, Կայուն մարդկային զարգացում), Անտառների հետազոտության և կրթության կենտրոնի, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի, Միջազգային Համագործակցության Գերմանական Ընկերության/Deutsche Gesellschaft fur Internationale Zusammenarbeit (GIZ), TGS ընկերության, Բնապահպանության Միջազգային Միության, Համաշխարհային Բանկի, Վայրի Բնության  Պահպանության Հիմնադրամի ներկայացուցիչները:
ENPI FLEG II ԵԱԾ միջոցառումներն իրականացվելու են առաջիկա երեք ու կես տարիների ընթացքում և ընդգրկելու են Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված հինգ  գերակա ոլորտները: Միջոցառումները մի կողմից հիմնվում և խթանում են FLEG ծրագրի առաջին փուլի հաջող արդյունքները, մյուս կողմից անդրադառնում են երկրորդ փուլի համար սահմանված գերակայություններին: Ծրագրի իրականացման ընթացքը կանոնավոր կերպով ներկայացվելու և քննարկվելու է Ազգային Ծրագրի Խորհրդատվական Հանձնաժողովի հանդիպումների ժամանակ, որը թույլ կտա ԵԱԾ փոփոխություններ կատարել, հիմնավորված անհրաժեշտության դեպքում, և ներկայացնել համապատասխան առաջարկներ:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից աջակցվող «Անտառապատում և անտառվերականգնում Հայաստանում» ծրագրի արդյունքները

un2012 թվականի նոյեմբերի 20-ին և 21-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Անտառապատում և անտառվերականգնում Հայաստանում» ծրագրի և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից համատեղ կազմակերպված երկօրյա համաժողովը, որի նպատակն էր ներկայացնել «Անտառապատում և անտառվերականգնում Հայաստանում» ծրագրի արդյունքները:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսութայն նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ, «Անտառապատում և անտառվերականգնում Հայաստանում» ծրագրի ազգային համակարգող Ռուբեն Պետրոսյանը, ՊԳԿ Հռոմի գլխամասային և Բուդապեշտի տարածաշրջանային գրասենյակների անտառային ոլորտի փորձագետներ Վոլտեր Կոլերտը և Նորբերտ Ուինկլեր-Ռատոնյին, ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, ինչպես նաև անտառային ոլորտի, տարբեր միջազգային կազմակերպությունների, ազգային և տեղական կառույցների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:
Ծրագիրը, որի բյուջեն կազմում է 432000 ԱՄՆ դոլար, մեկնարկել է 2009 թվականին: Ծրագրի հիմնական նպատակն է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում փորձնական ժամանակակից տնկարանային տնտեսության հիմնումը:
Համաժողովի մասնակիցները ծրագրի արդյունքներին ծանոթանալու նպատակով այցելեցին նաև «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարանային տնտեսություն, ծանոթացան սերմերի մթերման, պահեստավորման և վերամշակման սարքավորումներին, տնկանյութի աճեցման նոր տեխնոլոգիաներին ինչպես նաև Հայաստանում առաջին ժամանակակից անտառային ջերմոցային տնտեսությանը:
Ծրագրի շրջանակներում որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներդրում իրականացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի վարչական շենքի կապիտալ վերանորոգում, ցանկապատի և ոռոգման համակարգի կառուցում, սերմերի վերամշակման սարքավորումների, փոքր անիվավոր տրակտորի ձեռքբերում, ինչպես նաև ընթացքի մեջ են գտնվում 500 քմ ջերմոցային լրակազմի կառուցման աշխատանքները:
Հրազդանի անտառտնտեսությունում կառուցված ժամանակակից տնկարանային տնտեսությունը լուրջ միջազգային ներդրում է, որը թույլ կտա առաջին անգամ Հայաստանում ժամանակակից մեթոդներով աճեցնել փակ արմատային համակարգով բարձրորակ անտառային ծառաթփատեսակների տնկանյութ, որի օգտագործման արդյունքում կբարձրանա անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների արդյունավետությունը, կնվազի մեկ հեկտարի վրա օգտագործվող տնկանյութի քանակը, կբարձրանա անտառմշակույթների  կպչողականությունը  և այլն:
Ծրագրի իրականացումը լուրջ խթան կհանդիսանա անտառային ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործում և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  մյուս տնկարանային տնտեսությունների արդիականացման համար:

Վտանգը ոչ թե անտառային տարածքների հատումն է, այլ անտառ չտնկելը. «Հայանտառ»-ի տնօրեն

press2Հայաստանում ապօրինի ծառահատումների նվազման միտում կա: Այս մասին այսօր`մայիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը:

Նրա խոսքով, 2010թ ապօրինի հատումները ավելի քան 16 անգամ պակաս են եղել, քան 2003թ-ին: Ըստ այդմ, 2010թ հաշվառվել են ապօրինի հատված 2520 ծառերի կոճղեր:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ներկայացմամբ, ապօրինի հատումների պատճառները տարբեր են, հիմնականում առկա է սոցիալական գործոնը եւ անհրաժեշտ է անտառամերձ համայնքներում լուծել սոցիալական խնդիրները:

Նրա խոսքով, 2010թ «Հայանտառն», ըստ անհրաժեշտության, եւս իրականացրել է հատումներ, որոնց 90 տոկոսը հիմնականում ծառայել է որպես վառելափայտ է, իսկ դրա վաճառքից ստացված գումարը`386 մլն դրամը ուղղվել է անտառապահպանման, անտառավերականգնման ծախսերին:

Նրա կարծիքով` վտանգը ոչ թե անտառային տարածքների հատումն է, այլ անտառ չտնկելը: Մարտուն Մաթեւոսյանի խոսքով` ապօրինի անտառահատման վերաբերյալ հարուցվել են մի քանի տասնյակ քրեական գործեր: Ինչ վերաբերում է վարչական տույժերին, ապա դրանք, ըստ նրա, 2004թ-ի համեմատ մոտ 50 անգամ ավելացել են:

NEWS.am, http://news.am/arm/news/58234.html

«Հայանտառ»-ը չափազանցված է համարում մոտեցումը, որ Հայաստանը զրկվում է անտառից

press1Անտառների վիճակն այսօր վատ է 1988-ի վիճակի համեմատությամբ, բայց լավ է` 2003-ի համեմատ: Այս մասին այսօր`մայիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: Նրա խոսքով, կան դեգրադացված տարածքներ, որակական տեսակետից փոփոխություններ: «90-ականներից սկսած` էներգետիկ ճգնաժամի, շրջափակման վիճակի պատճառով, անտառային տարածքները լրջագույն վնաս են կրել: 2003-2004թթ սկսած, խնդիրը կամաց-կամաց սկսեց լուծվել, ինչին նպաստեցին գազաֆիկացման  բարձր տեմպերը, մոտ 5 անգամ ավելացել է գազօգտագործողների թիվը եւ այդքան անգամ էլ նվազել փայտի նկատմամբ պահանջարկը»,- ասաց Մարտուն Մաթեւոսյանը:

Նրա ներկայացրած տվյալների համաձայն`2004թ-ից ի վեր Հայաստանում 30 հազար հա անտառային տարածք է վերականգնվել, տնկվել է շուրջ 12 միլիոն ծառ:  NEWS.am-ի դիտարկմանը Ամերիկյան համալսարանի կողմից Տիեզերքից կատարված ուսումնասիրության վերաբերյալ, որի համաձայն, Հայաստանը 2020թ կրզկվի անտառներից, Մարտուն Մաթեւոսյանը նշեց, որ նման հետազոտություն չկա:

Մաթեւոսյանի ներկայացմամբ, իրենք նախատեսել են Համաշխարհային բանկի հետ ուղղաթիռով շրջայց կատարել անտառային տարածքներով, եթե հնարավոր լինի, նկարել եւ ցույց տալ: «Մոտեցումները, որ մենք զրկվում ենք անտառներից, չափազանցված են եւ այն մենք չենք կիսում: Այդ ծայրահեղ մոտեցումները նաեւ հասարակությանը գցում են ցայտնոտի մեջ: Անտառը ունենք, անտառը զարգանում է, չնայած այս ամենին` ապօրինի անտառահատումները մնում են թիվ մեկ խնդիրը»,- ասաց նա:

NEWS.am, http://news.am/arm/news/58236.html

ՍՂՈՑԸ ՁԵՌՔԻՆ` ԴԵՊԻ ԱՆՏԱՌ

Իրատեսական կանխատեսում

to-forest«Սյունիքի մարզի համայնքների  մեծ մասը` շուրջ 79 համայնք գազաֆիկացված չեն; Ձմեռն անցկացնելու համար ութ տասնյակի հասնող  համայնքների տնտեսություններին համեմատաբար էժան գներով վառելափայտ ձեռք բերելու հարցում  օժանդակելու նպատակով  խնդրում ենք ձեր աջակցությունը Սյունիքի մարզում գործող անտառտնտեսությունների միջոցով այդ համայնքների բնակչությանը էժան վառելափայտ /1մխորանարդը 2000 դրամ/ վաճառելու հնարավորություն ստեղծելու համար»:

Այս դիմումի կամ գրության հեղինակը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է, իսկ հասցեատերը Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:  Հարց է ծագում` մարզպետը ինչու պիտի նման դիմում գրի` հատ-հատ թվարկելով բոլոր 79 համայնքների անունները: Մանավանդ, այս օրերին, երբ մամուլը հեղեղված է անտառահատումների վերաբերյալ հրապարակումներով:  Բայց ըստ էության,  այդ հրապարակումները որքանով են հետաքրքրում ձմռան շեմին գտնվող , անհամար պրոբլեմներ ունեցող գյուղացուն, երբ վերջինիս  առջև շուտով առավել ուժգին ծառանալու է   իր ամենօրյա կենցաղային հոգսերը հոգալու հարցը `  անձնական հիգիենայի ապահովումից և տունը տաքացնելուց սկսած կերակուր պատրաստելով ու լվացք անելով ավարտած:  Ընդ որում, սա բոլոր գյուղացիներին է վերաբերում, անկախ նրանից  գազաֆիկացված համայնքում են ապրում, թե ընդհանրապես գազ չունեն: Սա շեշտում ենք, որովհետև մենք այսօր գազաֆիկացված գյուղերում ունենք մեկ տարում ընդամենը 1200 -1500 դրամի գազ օգտագործող ընտանիքներ: Իսկ սա նշանակում է, որ գյուղացին իր խնդիրները լուծելու այլ եղանակ ունի: Բնականաբար, այդ եղանակը էլեկտրականությունը չի և ոչ էլ արեգակի ջերմությունը. սոցիալական ծանր վիճակում գտնվող  գյուղացին դարձյալ ու կրկին հույսն անտառի վրա է դրել և  դնելու` թքած ունենալով մամուլի հրապարակումների վրա էլ,  զանազան միջազգային ու տեղական բնապահպան կազմակերպությունների զանգերի և ահազանգերի,  մոնիտորինգների և ուսումնասիրությունների վրա էլ :  Իսկ եթե այս ամենը  դիտարկենք  այս տարվա տհաճ անակնկալի` գազի թանկացման համատեքստում,  պիտի որ առավել տխուր հեռանկար կանխատեսենք: Արդեն իսկ Սյունիքի մարզպետի օրինակը աննախադեպ չի, Տավուշի մարզից  էլ նման մի դիմում ստացվել է: Այնպես որ,  այս հարցը ավելի բարձր ատյաններում և համակարգված լուծման կարոտ հարց է:  ՈՒստի  Սյունիքի մարզպետին  խորհուրդ կտայինք իր դիմումն ուղղել հանրապետության վարչապետին` «Ձմեռ-2010» ծրագրի շրջանակում: Եթե իհարկե,  հայրենի կառավարությունը այս տարի  նման ծրագիր ընդհանրապես ունի և  Հայաստանի անտառների մասին լրջորեն մտահոգված է:

Պարզից էլ պարզ  չէ±, որ հակառակ պարագայում գյուղացին իր  իսկ «Ձմեռ-2010» ծրագրին պիտի ապավինի: Իսկ այդ ծրագիրը մի ճանապարհ կունենա` սղոցը ձեռքին դեպի անտառ:

ՌՈՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Հայոց Աշխարհ  01.10 2010թ.

Մենք փոխհատուցելու բան ունենք անտառին

debtԹեպետ անտառային տնտեսության կառավարման համակարգում անցած շրջանում որոշակի փոփոխություններ իրականացվեցին, այնուհանդերձ հարկ է ասել, որ տարիներ անց էլ անտառի հանդեպ մարդկանց սպառողական վերաբերմունքը գրեթե նույնն է մնացել:

ՄԱԿ-ի որոշմամբ 2011-ը հայտարարված է անտառների պահպանության տարի: Հունվարի 24-ից արդեն իսկ սկսված անտառների պահպանության տարին նպատակ ունի համախմբել մարդկանց կողմից անտառների կայուն կառավարման գործընթացները:

Հետաքրքիր է, «Հայանտառը» ի՞նչ պաշարով է դիմավորում 2011 թվականը: Պաշար ասելով, բնականաբար, նկատի ունենք ե՛ւ ապօրինի ծառահատումները, ե՛ւ անտառվերականգնման ու անտառպահպանության ծրագրերը:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ ՌՈՒԲԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ներկայացմամբ, այսօր Համաշխարհային բանկը անտառային ոլորտի հետ կապված ուսումնասիրություն է իրականացնում. «Վերջին անգամ Հայաստանի անտառների վերաբերյալ նման ուսումնասիրություն Համաշխարհային բանկը կատարել է 2003-ին: Ըստ այդմ, այն ժամանակ, պարզվել է, որ Հայաստանում մոտ 1 միլիոն խմ բնափայտ էր օգտագործվում (ոչ թե ապօրինի հատվում), որից 100 հազար խմ-ն էր օրինական: Նոր ուսումնասիրության տվյալները եւս շուտով կունենանք եւ հնարավորություն կլինի հատարել համեմատություն:

Ակնհայտ է, որ այսօր միտումները պայմանավորված են գազի թանկացմամբ: Այսինքն՝ գազի թանկացմանը զուգահեռ մեզանում ավելանում է փայտի օգտագործումը: «Իհարկե, փայտի օգտագործումը միայն գազի թանկացմամբ չի բացատրվում, այլ նաեւ ժողովրդի սոցիալական վատ վիճակով: Մարդկանց զգալի հատված ի վիճակի չէ վճարելու»:

Հատկապես տարեվերջին ապօրինի հատումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր եղան: Ի՞նչ են վկայում «Հայանտառի» պաշտոնական տվյալները: Ըստ Ռ.Պետրոսյանի. «2010 թվականին ապօրինի հատված 2310 ծառ է արձանագրվել: Ասեմ, որ արձանագրված ապօրինի հատումների վիճակագրական տվյալները անտառի վիճակի բարելավման օգտին են: Տեսեք. եթե 1994-ին, այսինքն՝ էներգետիկ ճգնաժամի շրջանում, «Հայանտառում» արձանագրվում էր մոտ 454 հազար ապօրինի ծառահատում, 2004-ին` մոտ 32,7 հազ. հատ, ապա  2008-10 թվականներին այդ թվերը գտնվում են 2080-2310-ի սահմաններում»:

Ինչ վերաբերում է ահազանգերին եւ լրատվամիջոցների անդրադարձին, ապա «Հայանտառի» պատասխանատուները դեռ ավելի վաղուց էին հայտարարում, որ դրանք իրենց շահերից են բխում: Մանավանդ կազմակերպությունը ՀԲ աջակցությամբ FLEG-ի շրջանակում իրականացնում է անտառային օրենսդրության կիրարկման եւ ապօրինի անտառահատման դեմ պայքարի ծրագիր:

Ռ.Պետրոսյանը անդրադառնում է նաեւ 2010թ. անտառվերականգնման եւ անտառպահպանության ծրագրերին, որոնք փաստում են նաեւ տարբեր միջազգային ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքի մասին. «2010-ին տարբեր ծրագրերի հաշվին 150 հա տարածքում անտառապատման աշխատանքներ են իրականացվել «Հայանտառի» մասնաճյուղ Գուգարքի, Գյումրիի, Սյունիքի եւ Կապանի անտառտնտեսություններում: Մեկ այլ ծրագրային համագործակցությամբ (FAO-ի աջակցությամբ) Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացվում է ժամանակակից տնկարանային տնտեսության հիմնում»:

«Մենք փոխհատուցելու բան ունենք անտառին, 20 տարի` հատկապես առաջին տասնամյակում անտառը մեզ փրկեց. հիմա հերթը մերն է: Անտառը լուրջ ներդրումների կարիք ունի` ֆինանսական, տեխնիկական… եթե չկատարենք, էլ երկրորդ անգամ չի փրկի», – համոզված է Ռ.Պետրոսյանը:

 

Լուսինե Հովհաննիսյան
«Հայոց աշխարհ», http://www.armtown.com/news/am/has/20110129/4032124582/
29 հունվարի, 2011թ.